Տպել
17.03.2021
Բացասական եզրակացություն՝ Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրինագծին
1 / 5

Մարտի 17-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Հեղինակն առաջարկում է քննիչ հանձնաժողովին հնարավորություն տալ անվստահություն հայտնելու Կառավարության այն անդամին, որն անհարգելի կբացակայի քննիչ հանձնաժողովի նիստերից:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում ապահովվելու է Կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը նիստերին, ինչը կնպաստի գործող եւ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ պաշտոնատար անձանց կողմից աշխատանքների պատշաճ կատարմանը:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ներկայացված օրինագծով հարցին ամբողջական լուծում չի տրվում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացնելով հարցի առնչությամբ Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ քննիչ հանձնաժողովների կազմավորման՝ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված է, որ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ներկայացված լինեն քննիչ հաձնաժողովների կազմում, ուստի խմբակցությունը, մասնակցելով քննիչ հանձաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, կարող է սեփական հայեցողությամբ, առանց քննիչ հանձնաժողովի առաջարկի գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին:

Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն չստացավ: