Տպել
17.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականին իրականացրել է 12 ծրագիր եւ 61 միջոցառում
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի նիստում քննարկեց   «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»  Առողջապահության նախարարության  հաշվետվությունը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվետու տարին նախարարության համար լի է եղել մարտահրավերներով եւ լրջագույն խնդիրներով:

Նախորդ տարվա մարտի 1-ից  հանրապետության 29 վերազինված  բուժհաստատություն ներգրավվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիների բուժման գործում: Միայն վերակենդանացման բաժանմունքներում շահագործվել է 380 մահճակալ:   Հիվանդների բուժումն իրականացվել է պետական բյուջեի եւ դոնոր կազմակերպությունների միջոցներով: Տարվա ընթացքում օրեցօր ավելացել են թեստավորումները: Եթե նախորդ մարտին  օրական կատարվել է 50-60 թեստավորում, ապա այսօր այդ թիվը հասել է շուրջ 5000-ի: 2020-ին իրականացվել է 595 հազ. 876 թեստավորում, արձանագրվել է հիվանդացության  159 հազ. 738 դեպք, առողջացել է 143 հազ. 355 մարդ, մահացել՝ 2028-ը: Նշվեց, որ   կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը կազմել է 1.77 տոկոս: ,Այսօր հիվանդացության աճ կա: Այս պահին կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվում է 11 բուժհաստատություն: Մահճակալները դեռեւս բավարարում են, սակայն անհրաժեշտ է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- նշեց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ շուրջ 3000 բուժաշխատող ներգրավվել է պատերազմի հետեւանքով տուժածների եւ վիրավորների բժշկական սպասարկման աշխատանքներին: Հայաստանի եւ Արցախի բուժհաստատություններին հատկացվել են մեծ ծավալի բուժսարքավորումներ եւ դեղորայք:

Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 12 ծրագիր եւ 61 միջոցառում՝  օգտագործելով 139 մլրդ 808 մլն դրամ՝ Կատարողականը կազմել է 98.3 տոկոս:

Նախարարը նաեւ բարի լուր հայտնեց. 2019-ի համեմատ՝ 2020-ին հանրապետությունում ավելի քան 200-ով ավելացել են ծնունդները: