Տպել
17.03.2021
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած փոփոխությունները մերժվեցին
1 / 5

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը քննակվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում:

«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները հրապարակման ենթակա չեն: «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է վերոնշյալ տվյալները հրապարակել:

Ըստ հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի՝ հրապարակման ենթակա չլինելը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը սահմանափակելու դրույթին: Այն հակասում է նաեւ հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքներին:

Պատգամավորները ռիսկեր տեսան՝ կապված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների հրապարակման հետ, հատկապես եթե վերջիններս թեկնածուներ են եւ դեռեւս չեն նշանակվել: «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակվում է»,-ընդգծեց Անի Սամսոնյանը՝ հավելելով՝ եթե անձն ունի բարեվարքության հետ կապված խնդիրներ, ապա չպետք է հանրային պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունենա:

Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը բարձրացրեց հանրային պաշտոն չզբաղեցնող, բայց հավակնող անձի տեղեկությունների հրապարակման անընդունելիության հարցը: Նա առաջարկեց մերժել նախագծի ընդունումը:

«Կառավարության համար նպատակահարմար չէ նախագծի ընդունումը»,-նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախագիծն այս կարգավորումներով ընդունելի չէ նաեւ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համար:

Եզրափակիչ ելույթում Անի Սամսոնյանն առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում տվյալների հրապարակման հարցում որոշ սահմանափակումներ մտցնել եւ թեկնածուի՝ պաշտոնում նշանակվելուց հետո միայն հրապարակել բարեվարքության խորհրդատվական եզրակացությունը:

Քննարկումների արդյունքում օրինագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացան ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովը նիստի աշխատանքը կշարունակի մարտի 18-ին՝ ժամը 14:00-ին: