Տպել
17.03.2021
Կփոփոխվի հաշմանդամության կարգ տալու ընթացակարգը
1 / 4

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի հերթական  նիստում քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ  պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անհրաժեշտ համարեց փաթեթի ընդունումը՝ հիմնավորելով, որ 1993 թվականին ընդունված  գործող օրենքն այլեւս ժամանակավրեպ է եւ չի  համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:  Նախարարի խոսքով՝ նախագծերն  անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:Մասնավորապես,  հաշմանդամության խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան` թեթեւ, միջին, ծանր եւ խորը: Հաշմանդամության գնահատումը կկատարվի՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման  գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցերը, անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող բիզնես գործընթացները: Մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ: Մշակվել եւ Կառավարությանն է ներկայացվել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:

Եթե ընդունվի օրենսդրական փաթեթը,  անձանց ֆունկցիոնալության գնահատումը կգործարկվի 2022-ի սեպտեմբերից:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դրական գնահատեց փաթեթը՝ ընդգծելով, որ այն  գրեթե բացառելու է հաշմանդամության կարգ տալու գործում առկա կոռուպցիոն երեւույթները, քանի որ գնահատող հանձնաժողովը ձեւավորվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող փորձաքննության նախորդ օրը:  Նարեկ Զեյնալյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձեւավորվելիք  ռեեստրում ընդգրկված մասնագետներն ընտրվելու են  էլեկտրոնային բանկից՝ պատահականության սկզբունքով:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...