Տպել
18.03.2021
Հողերի աճուրդում առկա կոռուպցիոն ռիսկերը կնվազեն
1 / 3

Մարտի 18-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ կայացավ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Առաջարկվող փոփոխությամբ ընդլայնվում եւ հստակեցվում են աճուրդների մասով տեղեկատվության տարածման գործիքակազմերը. «Հողի աճուրդի կազմակերպիչը պարտավորվում է աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ azdarar.am-ում եւ մարզպետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ առկայության դեպքում համայնքի կայքում հրապարակել սակարկությունների անցկացման մասին տեղեկատվություն»,-նշեց օրինագծի հեղինակը:

Նախագծով նվազեցվում են նաեւ առկա կոռուպցիոն ռիսկերը եւ աճուրդի մասնակիցները ստիպված կլինեն ավելի լրջորեն մոտենալ գործընթացին. «Բարձր գնային առաջարկներ կատարելու եւ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների արդյունքում հետագայում դրանից հրաժարվելը նախագծի ընդունմամբ կհասցվի նվազագույնի»,-եզրափակեց Մանուկյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ Կառավարությունը եւս նախատեսել էր կատարել նման փոփոխություն: Առաջարկվող տարբերակը մեկ քայլ առաջ է: Անդրադառնալով աճուրդների մասին տեղեկատվության հրապարակմանը՝ փոխնախարարն ասաց, որ շատ համայնքներ ունեն կայքեր, որում հրապարակվում են անցկացվող նիստերը թե՛ ուղիղ հեռարձակմամբ, թե՛ տեսաձայնագրմամբ, ուստի այնտեղ կարող է հրապարավկել նաեւ տեղեկատվություն աճուրդների մասին:

Քվեարկության արդյունքում օրինագիծը ստացավ դրական եզրակացություն: