Տպել
18.03.2021
Գյուղատնտեսության ոլորտում՝ 1,4 % աճ
1 / 3

Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«2020-ին համավարակի տարածման ֆոնին գյուղատնտեսության ոլորտը, այնուամենայնիվ, զերծ մնաց խիստ սահմանափակումներից: Ոլորտում նույնիսկ որոշակի չափով առաջընթաց գրանցվեց՝ շուրջ 1,4 %»,- ասաց Տիգրան Գաբրիելյանը:

2020-ին մշակվել են մի շարք իրավական ակտեր, օրենսդրական նախագծեր: Զեկուցողն առանձնացրեց մասնավորապես «Գյուղատնտեսության նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը, նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համատեղ աշխատանքը Հողերի գլոբալ գործընկերության կողմից ֆինանսավորվող «Հողերի կառավարման, խթանման, աջակցության ծրագիրը»: Վերջինիս  շրջանակում թվայնացվել են գոյություն ունեցող հողագիտական քարտեզները եւ առցանց հարթակում ներկայացվել հանրապետության հողային ռեսուրսների որակական հատկությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը:

Տիգրան Գաբրիելյանի ներկայացմամբ՝ 2020-ի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում հնարավորություն տրվեց տնտեսավարողներին օգտվել որոշակի արտոնություններից՝ պահպանելով գործունեության բնականոն ընթացքը:

Զեկուցողն անդրադարձ կատարեց ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին, «Խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման», «Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման» պետական աջակցության ծրագրերին՝ մանրամասն ներկայացնելով դրանց իրականացման քայլերի հաջորդականությունն ու արդեն իսկ գրանցված արդյունքները: