Տպել
19.03.2021
Ելույթներ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
1 / 10

Մարտի 19-ին խորհրդարանում գումարված արտահերթ նիստում քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ելույթներ ունեցան պատգամավորները:

Տարոն Սիմոնյան. Հիմա մենք այնպիսի խնդիրների առաջ ենք, որոնց անտեսումը հղի է ընդհուպ վտանգներով, իսկ մենք զբաղվում ենք ձեռքի հետ բերված նախագծերով: Այսօր այլ խնդիր պետք է լուծենք: Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք: Դատավորները պետք է անկախ լինեն մեկը մյուսից եւ Բարձրագույն դատական խորհրդից եւ՛ս պետք է անկախ լինեն:

Էդմոն Մարուքյան. Այս նախագծով դատական համակարգը հերթական անգամ ավելի է վատթարանում: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է փաստաբանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել: Մի կողմից դատավորն է սահմանափակվում, մյուս կողմից՝ ԲԴԽ-ին են տրվում լիազորություններ, որ այդ գործով զբաղվի: Կարծում եմ, որ լավ կլինի նախագիծը հետ կանչվի, որովհետեւ դրանով խնդիրներ է առաջանալու:

Նիկոլայ Բաղդասարյան. Այսօր մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ դատավորների կայացրած որոշումները հավասարվում են աբսուրդի ժանրի: Ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծն ունի թերություններ ու որոշակիության խնդիր, բայց պետք է նաեւ շնորհակալություն հայտնել հեղինակներին, որովհետեւ օրինագծում կան որոշ դրույթներ, որոնք իրականում անհրաժեշտ են եւ կիրառելի:

Կարեն Սիմոնյան. Ինձ շարունակում է զարմացնել այն համառությունը, որով դուք շարունակում եք ականներ դնել օրենսդրության ներսում, որոնք հետագայում պայթելու են՝ առաջացնելով բազմաթիվ խնդիրներ: Օրենսդրական փաթեթն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են առանձին քննարկել եւ ոչ այսպիսի սեղմ ժամկետներում:

Անի Սամսոնյան. «Իմ քայլը» խմբակցությունն արդեն երեք տարի է բոլոր օրինական, հակաօրինական միջոցներով ընկել է դատարանների հետեւից: Ամեն անգամ, երբ դուք ինչ-որ քայլ եք անում դատարանների դեմ, այդ քայլն ավելի է մեզ հեռացնում անկախ դատական կայացած համակարգ ունենալու հնարավորությունից:

Նազելի Բաղդասարյան . Առաջարկվող կարգավորումներով փաստացի նախատեսում ենք, որ ԲԴԽ-ն կարողանա կարգապահական վարույթ հարուցել: Արդյո՞ք կարելի է վարույթ հարուցող մարմնին եւ վերջում որոշում կայացնող մարմնին նույնական դիտել եւ այս ամենը կենտրոնացնել մեկ մարմնի ձեռքում: Կարծում եմ՝ խնդրահարույց է:

Արման Բաբաջանյան. Իմ համոզմամբ՝ նախագիծն ինչ-որ առումով նաեւ վեթթինգի տարրեր է պարունակում: Ես միշտ կողմնակից եմ լինելու դատական համակարգն առողջացնելուն ուղղված ցանկացած ողջամիտ առաջարկներին: Իհարկե, ամբողջական բեռը թողնել ԲԴԽ-ի վրա եւս խնդիր է, բայց, այնուամենայնիվ, նախագիծը քայլ առաջ է:

Վլադիմիր Վարդանյան . Այո, դատարանները պետք է լինեն անկախ: Սա աքսիոմա է, եւ վիճարկելի չէ: Դատարանները պետք է լինեն անկախ գործադիր, օրենսդիր եւ այլ մարմիններից, դրսի ցանկացած ճնշումներից, բայց ո՛չ օրենքից: Դատավորը այս երկրում պետք է լինի ամենահարգված մարդը եւ դատավորի նկատմամբ մենք ակնածանք պետք է ունենանք մշտապես, որովհետեւ նա իրականացնում է հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատություն:  

Հերիքնազ Տիգրանյան. Կարծում եմ, որ նախագծի որոշ դրույթներ ունեն վերանայման կարիք, որոնց լրամշակման պարագայում բոլորս կհանգենք այն համոզմանը, որ երբեմն պետք է ԲԴԽ-ն ունենա այնպիսի վերահսկողական մեխանիզմ, որով կարողանա ողջամիտ ժամկետում ապահովել արդար դատարանի առաջ կանգնած անձի գործի քննության իրավունքը:

Թագուհի Թովմասյան. Արցախը հանդիսանում է Հայաստանի երաշխավորը:

Գոռ Գեւորգյան. Անհրաժեշտ է անցնել խորհրդարանական կառավարման մոդելից նախագահական կառավարման: