Տպել
23.03.2021
Քննարկվեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը
1 / 7

Խորհրդարանը քննարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժողովրդավարությունը երկրում, քանի որ մի շարք համայնքներում ընտրություններ չեն կազմակերպվում: Նա նշեց, որ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հարցին, քանի որ այդ պահին քաղաքական ուժերը դեռեւս չէին բանակցել, իսկ այժմ կա հանգուցալուծում. հայտարարվել է ընտրությունների օրը:

«Մենք չենք կարող քաղաքական գործընթացները մտցնել քաղաքական հուն, եթե դեռ շարունակում ենք ապրել ռազմական դրության պայմաններում»,-ասաց պատգամավորը:

Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ կառավարությունը պետք է հանի ռազմական դրությունը, քանի որ մի շարք իրավակարգավորումներ պետք է նախաձեռնի:

«Իրենք իրենց լիազորությունների շրջանակում են աշխատում, մենք՝ մեր: Իրենք մտցրել են ռազմական դրությունը, մենք կարող ենք հանել՝ գիտակցելով, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց Մարուքյանը:

Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց. «ՀՀ վարչապետի հետ հանդիպումներում քննարկել ե՞ք ռազմական դրությունը հանելու տեսակետը եւ քաղաքական առումով եղե՞լ է խոստում, երաշխիք, թե ինչ ժամկետում է հանվելու»:

«Ես վարչապետի հետ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ որեւէ բանակցություն չեմ վարել, որովհետեւ որպես խորհրդարանական՝ ես դա դիտարկում եմ խորհրդարանի լիազորությունների մեջ»,-պարզաբանեց Մարուքյանը: Նա հստակեցրեց, որ բանակցել են իրավիճակի քաղաքական հանգուցալուծման, արտահերթ ընտրությունների շուրջ: «Եթե դրա շուրջ ունենք կոնսենսուս, ռազմական դրությունը դրան ենթակա հարց է եւ պետք է հանվեր»,-ասաց խմբակցության ղեկավարը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ անընդունելի է այն տեսակետը, որ ռազմական դրությունը պահպանվում է՝ քաղաքական նկատառումներից ելնելով: «Քաղաքական նկատառումներ չեն կարող լինել, քանի որ քաղաքացիների հիմնական իրավունքները սահմանափակված չեն: Դրա վառ օրինակը Բաղրամյան պողոտան է, Դեմիրճյան փողոցը եւ այլն: Մարդիկ հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ անելու որեւէ սահմանափակում չունեն»,-փաստեց Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ հանձնաժողովն առաջարկել էր հարցը թողնել իրավասու մարմինների քննարկմանը՝ պայմանավորված ՀՀ նոր սահմանների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներով, թե՛ մեր երկրում եւ թե՛ Ադրբեջանում ու Թուրքիայում անցկացվող զորավարժություններով: Պատգամավորի համար այժմ ընդունելի են առաջարկի քննարկումը եւ ռազմական դրությունը հանելը: 

«Մենք հիմնավորել ենք, որ ռազմական դրության պահպանումը չունի քաղաքական ենթատեքստ»,-ի պատասխան հարցերի՝ ասաց Արմեն Խաչատրյանը: Նա հավելեց, որ  ռազմական դրությունը չի հանվել՝ ելնելով անվտանգության ապահովման հարցերից: 

Հարցի առնչությամբ հնչեցին ելույթներ:

Խորհրդարանը մարտի 24-ի նիստում կողմ քվեարկեց քննարկված հարցին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...