Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Արցախի խորհրդարանի կողմից օրերս ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցին: Պատգամավորը նախ անդրադարձավ նախագծի ընդունման վերաբերյալ ԱՀ խորհրդարանի հիմնավորմանը, ապա նշեց. «Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը: Հայերենը բնականաբար մնում է պետական լեզու, երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը: Արցախի 75 տոկոսի կորստից հետո Ռուսաստանը՝ որպես նաեւ Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր անչափ մեծ դերակատարությունն ունի»:
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ բազմիցս արած այն դիտարկմանը, թե ժամանակն է՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք: «Առաջիկայում ԲՀԿ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի շատ ավելի դետալային մանրամասներ կհայտնի»,-ճեպազրույցն ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը: