Տպել
26.03.2021
«Լուսավոր Հայաստանի»-ի՝ ԸՕ-ի փոփոխությունների տարբերակը եւս ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
1 / 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ներկայացրին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրենց տարբերակը:

Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ 2019 թ. Ազգային ժողովում սկսել են ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքները, որոնց ինքն ու Գուրգեն Բաղդասարյանն ակտիվ ներգրավված են եղել:

«Բաց համամասնական ցուցակի դեպքում մենք ունենում ենք քաղաքացիներին հաշվետու քաղաքական գործիչներ Ազգային ժողովում: Փակի դեպքում ԱԺ պատգամավորին նշանակում են կուսակցության ղեկավարը, ղեկավար մարմինը կամ ֆինանսավորողը: Ունենում ենք պատգամավորներ, որոնք կոճակ են սեղմում եւ հլու-հնազանդ են իրենց քաղաքական առաջնորդին: Բաց համամասնականի դեպքում ցուցակների կազմման գործընթացը լինում է թափանցիկ: Քաղաքացին իր քվեով կարողանում է ազդել ցուցակի հերթականության վրա եւ նպաստել, որ իրեն ավելի հոգեհարազատ քաղաքական գործիչը դառնա պատգամավոր: Հակառակ պարագայում այս որոշումը կայացվում է  փակ դռների հետեւում»,-նշեց Գորգիսյանը:

Գուրգեն Բաղդասարյանն ասաց, որ եվրոպական 15 երկրներում կիրառվում են բաց համամասնական ցուցակի տարբերակները: «Այդ երկրներում ցուցակը բաց է, հաշվարկման մեթոդներն են տարբեր: Մենք վերցրել ենք Նիդերլանդների, Դանիայի, Սլովակիայի, Շվեդիայի օրինակը»,-տեղեկացրեց նա:

Գեւորգ Գորգիսյանը մանրամասնեց ցուցակների կազմման, մանդատների բաշխման իրենց տարբերակը՝ նշելով. «Ապահովում ենք կուսակցությունների համար կանխատեսելի ցուցակ: Քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս ընտրելու այն գործիչներին, որոնք իրենց կներկայացնեն խորհրդարանում: Սրանով լուծում ենք առաջին հերթին քաղաքական գործիչ ունենալու խնդիրը: Պատգամավորը լինում է հաշվետու քաղաքացիներին, ոչ թե կուսակցապետին»:

Նշվեց, որ ԸՕ-ի իրենց տարբերակը հիմնական տարբերակին զուգահեռ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, որքան էլ խաղի կանոնները հեշտացվեն կամ բարդացվեն: Գործընթացը սկսել է: Մենք նաեւ մեր գրավոր առաջարկները կներկայացնենք»,-ընդգծեց Գորգիսյանը: