Տպել
01.04.2021
Խորհրդարանը գումարեց արտահերթ նիստ
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 1-ին գումարեց արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանի նախագահի առաջարկով՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց  «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Պատգամավորը նշեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդամենը մի քանի օրից սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման գործընթացը. «Փոփոխությունները շատ կարեւոր են, եւ հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների ժամանակ պետք է հասցնեն սովորել նոր փոփոխությունները»:

Օրենքի նախագծով առաջարկվում են փոփոխություններ, որոնցով երաշխավորվում է համամասնական ընտրակարգի բարեփոխումը եւ վերացվում է Ազգային ժողովի ընտրությունների համար նաեւ տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը: Սահմանվում են նաեւ իրավական հիմքեր Հայաստանի ամբողջ տարածքում կամ առանձին վայրերում կարանտին սահմանելու դեպքում ընտրությունները հատուկ կանոններին համապատասխան անցկացնելու համար՝  երաշխավորելով անխոչընդոտ ընտրական գործընթացը:

Սույնով երաշխավորվում է պարզ համամասնական ընտրակարգի միջոցով, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ԱԺ ընտրությունների պատշաճ կազմակերպման եւ անցկացման հնարավորությունը:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ օրինագիծը մշակելիս աշխատել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, մասնագիտացված կազմակերպությունների հետ, այդ թվում՝  նաեւ միջազգային:

Պատգամավորը, անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին, ընդգծեց, որ այն միշտ քննադատության է արժանացել. «Այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի: Գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լինի: Ցանկանում եմ ընդգծել, որ ԱԺ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն կոնսենսուս»:

Հարակից զեկույցում արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը: Նա ընդգծեց, որ մեծամասնական համակարգը տարիներ շարունակ քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով ընտրությունների անցկացման խիստ հրատապությունը` բացառապես համապետական ցուցակներով եւ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպումն առավել կհեշտացնի ընտրական վարչարարությունը:

Հիմնական զեկուցողն այնուհետեւ պատասխանեց պատգամավորների հարցերին:
 
Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ ելույթներ ունեցան պատգամավորները:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: