Տպել
01.04.2021
Խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
1 / 5

Ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: Օրինագիծը լրամշակվել է իր առաջարկով:  Հանվել են բոլոր այն փոփոխությունների առաջարկները, որոնք վերաբերում էին համավարակի ժամանակ ընտրությունների անցկացմանը: Պատգամավորը նշեց, որ եղել են նաեւ տեխնիկական շտկումներ:

Օրենքի նախագծով առաջարկվում են փոփոխություններ, որոնցով երաշխավորվում է համամասնական ընտրակարգի բարեփոխումը եւ վերացվում է տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել օրենքի նախագծին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, ընդգծեց, որ օրինագիծը բավարար չափով մասնագիտական քննարկում է անցել:

Խորհրդարանը 82 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը: 
 
Պատգամավորների ելույթները Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: