Տպել
01.04.2021
Պատգամավորների ելույթները Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ
1 / 1

Արուսյակ Ջուլհակյան. Եթե պարոն Մարուքյանը կարծում էր, որ նախագահի կամ քաղաքապետի անուղղակի ընտրությունը վատ բան է, ապա պետք է այդ մասին խոսեր տարիներ առաջ: Մասնավորապես, նախագահին անուղղակի ընտրելու կառուցակարգ նախատեսվել է 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ:

Արման Բաբաջանյան. Ես հանդես կգամ արտախորհրդարանական ուժերի անունից, որոնք ողջունել են այս նախագիծը՝ այն համարելով կարեւոր քայլ: Սպասվող ընտրությունները պատմական եւ ճակատագրական են:

Արտակ Մանուկյան. Ուզում եմ օրակարգից շեղվել, քանի որ մեդիատեռորը մեզ հնարավորություն չի տալիս եւ տպավորություն է, որ մենք պարբերաբար պետք է որոշ բաներ ապացուցենք: Խոսքս վերաբերում է սոցիալական փաթեթին: Հայաստանում 8 տարի շարունակ 147 000 սոցփաթեթի շրջանակներից օգտվողներ (որում չկան բարձրաստիճան պաշտոնյաներ, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս) ամեն ամիս 6000 դրամ ծախսելու հնարավորություն չեն ունեցել, որորվհետեւ այն սահմանափակվում է 4 ուղղությամբ: Կառավարության որոշմամբ՝ ավելանում են  այդ ուղղությունները եւ հնարավորություն է տրվում սոցփաթեթի շահառուներին հաճախել նաեւ լողավազան:

Արման Եղոյան. Քննարկում ենք Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքի ամենակարեւոր նախագծերից մեկը: Շատերը կարծիք են հայտնել, թե այս նախագիծը բավականին քննարկված չէ: Սա քննարկվում է արդեն 26 տարի: Սա ճակատագրական պահ է հիմքերը դնելու մեր քաղաքական կյանքի առողջացման: Բոլոր այն ուժերը, որոնք դեմ են արտահայտվում այս նախաձեռնությանը, ընդամենը ցանկանում են նախկին քրեաօլիգարխիկ, թաղային հենքի վրա կառուցված իշխանության ռեժիմի համար քաղաքական ապագա ապահովել:

Համազասպ Դանիելյան. 1995-ին առաջին անգամ Հայաստանում ներդրվեց պարզ համամասնական ընտրակարգը: Մինչեւ 2000-ականները ակնհայտ էր նշյալ ժամանակվա իշխանությունների համար, որ այդ ընտրակարգով հնարավորություն չի ունենալու Ազգային ժողովում լինել մեծամասնություն:  26 տարի տեւած այս էպոպեան հասնում է իր տրամաբանական ավարտին: Խնդիրն իրականում պարզ է. պետք է վերջակետ դնել այս պատմությանը: Շատ պարադոքսալ է սակայն, որ այս փոփոխություններն ընդդիմությունն է ուզում, բայց դրան չի մասնակցում: Գովելի է, որ իշխանությունը կամք ունի դա հասցնելու տրամաբանական ավարտին: