Տպել
06.04.2021
Անդրադարձ կատարվեց հեռավար կրթության հարթակում արձանագրված խնդիրներին
1 / 19

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 6-ին նախաձեռնել էր  աշխատանքային քննարկում՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր տարիքի դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթության եւ այլ ոլորտների փորձագետներ, հոգեբաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել աշակերտների ծնողներից եւ ուսուցիչներից՝ քննարկելու համար հեռավար կրթությանը վերաբերող հարցերը: Համավարակի ընթացքում արդյունավետ չէր քննարկել գործընթացը,  քանի որ այն կատարման փուլում էր, նշեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ դեռեւս շարունակվում է համավարակը, եւ  կարող են լինել իրավիճակներ, երբ կարիք լինի վերստին անցնելու հեռավար ուսուցման: «Կարիք կա քննարկելու նաեւ արձանագրված խնդիրները, մարտահրավերները եւ գտնել դրանց լուծումները»,-եզրափակեց  նա:

«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը եւ ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը  տեղեկացրին, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է ծրագիր՝ «Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետությանը՝ հեռավար կրթության գործընթացներում» խորագրով, որին մասնակցել են փորձագետներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ: Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել  ճգնաժամային իրավիճակում  հեռավար կրթության խնդիրները եւ աջակցել պետությանը: Հետազոտությանը, որն անցկացվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, մասնակցել են տարրական դասարանների ուսուցիչներ, աշակերտներ, հոգեբաններ եւ  ծնողներ: Նրանք իրենց կարծիքներն են հայտնել մարտ-մայիս ամիսներին իրականացված հեռավար կրթության  վերաբերյալ: Հարցաշարին պատասխանել է   366 ուսուցիչ  հանրապետության բոլոր մարզերից: Այսպես, հեռավար կրթության իրականացման ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ: Բազմաթիվ ուսուցիչներ, աշակերտներ եւ ծնողներ նշել են, որ հեռավար կրթության իրականացման ընթացքում իրենք բախվել են տարատեսակ խնդիրների, նաեւ ապրել հոգեբանական, սթրեսային  եւ տագնապային պահեր: Ուսուցիչների մեծ մասն ավելի շատ ժամանակ է հատկացրել դասերի անցկացման, առաջադրանքների ստուգման վրա:  Երեխաների մի մասը եղել է պասիվ, նրանք հաճախ բացակայել են դասերից:  Խնդրահարույց են եղել ինտերնետ կապի, թվային սարքերի բացակայությունը կամ  անորակությունը: Ըստ Արմենուհի Բուրմանյանի՝ տարրական դպրոցների  ուսուցիչների 63 տոկոսն անարդյունավետ է գնահատել առցանց կրթության որակը, արդյունավետ՝ 18 տոկոսը:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի տեղեկացմամբ՝ համավարակի ընթացքում առցանց կրթություն է ստացել աշակերտների  մոտ 80 տոկոսը,  մնացած մասը չի մասնակցել դասերին, քանի որ չեն ունեցել կամ ինտերնետ, կամ համապատասխան սարքավորումներ:

«Առցանց կրթության իրականացման հարցում խնդիր է եղել դասավանդման  մեթոդաբանությունը, քանի որ ուսուցիչների մեծ մասը ոչ ստանդարտ իրավիճակում շարունակել է դասը վարել առկա դասավանդման մեթոդներով»,-պարզաբանեց  Ալեքսանդր Շագաֆյանը: 2021 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում Կրթության տեսչական մարմինը մաթեմատիկա առարկայի յուրացման ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու 2018-2019թթ եւ 2019-2020թթ ուսումնական տարիների չափորոշիչների պահանջների յուրացման մակարդակը:

Այս պահի դրությամբ 11 ուսումնական հաստատությունների տվյալ է մշակված, գրավոր աշխատանքին մասնակցել է 500-ից ավելի սովորող, որի արդյունքում միջին մակարդակը 4,2 միավոր է: Մինչդեռ, այդ սովորողներից 50-ից ավելին 11-րդ դասարանցիներ են, որոնցից 62% անբավարար է ստացել:

Միաժամանակ այս պահի դրությամբ 2018-2019թթ. եւ 2019-2020թթ. ուսումնական տարիների իրականացված մնացորդային գիտելիքների համեմատումից երեւում է, որ 2019-2020 թվականների ցուցանիշներն ավելի վատն են: 

Քննարկման մասնակիցները կարեւորեցին ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման մեթոդաբանության փոփոխումը առցանց եղանակով դասավանդելու  պարագայում:

ՄԻՊ ներկայացուցիչ Մարինե Ավագյանն էլ  տեղեկացրեց, որ հեռավար կրթության գործընթացի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանը  ողջ տարվա ընթացքում իրականացրել է մշտադիտարկում, արձանագրել որոշ խնդիրներ: Ստեղծված իրավիճակում պետությունը  պատշաճ կերպով պատրաստ չի եղել հեռավար կրթություն իրականացնելուն, ավելին՝ սկզբական շրջանում իրավիճակը քաոսային է եղել: Անպատրաստ են եղել եւ՛ կրթական հաստատությունները, եւ՛ ծնողները: Գրասենյակն իր հերթին փորձել է աջակցել, որ որեւէ երեխա չզրկվի կրթություն ստանալու իրավունքից:  Խնդիրն արդիական է եղել ողջ տարվա ընթացքում: Առկա է եղել  իրազեկման պակաս:  Որոշ աշակերտներ  չեն կարողացել մասնակցել դասերին, քանի որ  չեն ունեցել թվային սարքավորումներ, շատերը չեն ստացել կրթություն՝ ունենալով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

Դրական գնահատելով ծավալված մասնագիտական քննարկումը՝ Անի Սամսոնյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ոլորտի մասնագետների հետ եւ աջակցել օրենսդրական նախաձեռնություններով: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...