Տպել
07.04.2021
Փոփոխություններ պետական ծառայության պաշտոնի անձնագրում
1 / 3

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի հեղինակած  ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ:

Ըստ այդմ՝ նախաձեռնությամբ նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը նշեց, որ պատգամավորների նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ժամանակավոր լուծում՝ մինչ հանրային եւ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումների ամբողջական իրականացումը: Նա առաջարկեց դրական եզրակացություն տալ օրենքի նախագծին:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը: Նշվեց, որ իրենց գրասենյակը եւս կողմ է փոփոխություններին:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: