Տպել
07.04.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
1 / 3

««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ թեմայի շրջանակում պատգամավորների եւ խմբակցությունների նախաձեռնությամբ հանրային քննարկում է նախատեսվում: Հստակեցվում է, թե գործակալության կողմից որ ակտերն են փորձաքննության ենթակա, որոնք ոչ: Փոխնախարարը պարզաբանեց, որ նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը դառնալու է գրասենյակ: Գործակալության կարգավիճակը հատուկ նշելը պայմանավորված է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջով, ըստ որի՝ գրասենյակի դեպքում պետական գործառույթը պետք է սահմանված լինի:

Գործադիրն ընդունել է Կենտրոնական բանկի առաջարկը, որով փորձաքննության ենթակա չպետք է լինեն բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի նախագծերը: Ներմուծվել է նորմատիվ ակտը չեղյալ ճանաչելու իրավական ինստիտուտը:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկեց փաթեթից հանել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի 1-ին մասից էլ առաջարկվեց հանել պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ ԱԺ որոշումների նախագծերի հանրային քննարկման իրականացման կարգին վերաբերող կարգավորումը: Ըստ Հովակիմյանի՝ ԱԺ պատգամավորների հեղինակած նախաձեռնություններն անցնում են հանրային քննարկման բոլոր ընթացակարգերը: Ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի ԱԺ կայքում ծանոթանալու նախաձեռնության բովանդակությանը, ներկայացնելու իր առաջարկները: Ըստ պատգամավորի՝ նույն հարթության մեջ չպետք է դիտարկվեն Կառավարության եւ պատգամավորների հեղինակած նախաձեռնությունները: Այդ առումով նպատակահարմար չէ պատգամավորների նախաձեռնությունները e-draft.am համակարգ տանելը, ինչը լրացուցիչ խնդիրներ կստեղծի: Փոխնախարարի համար ընդունելի էր պատգամավորի առաջարկը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ հանրային քննարկումը չպետք է լինի ինքնանպատակ: Վարդանյանի խոսքով՝ Ազգային ժողովում ընթացող գործընթացները թափանցիկ են, բոլոր հանդիպումները եւ քննարկումները հրապարակային:

Կառավարության ներկայացուցիչը եւ հանձնաժողովի անդամներն աշխատանքային ձեւաչափով քննարկման արդյունքում որոշ դրույթներ փոփոխելու շուրջ համաձայնության եկան: Դրանցից մեկով դատարանի կողմից գործերի քննությանը վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվելու:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հորդորեց կողմ քվեարկել պատգամավորների առաջարկներով լրամշակված նախագծին:

««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ բանավոր շտկումներով եւ լրամշակումներով, դրվեց քվեարկության եւ ստացավ դրական եզրակացություն:   


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...