Տպել
07.04.2021
Սոցիալական երաշխիքներ՝ մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանի տեղեկացմամբ՝  առաջարկվում է ռազմական դրության ժամանակ որպես կամավորական կամ զորահավաքային զորակոչով Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել որոշակի սոցիալական երաշխիքներ, մասնավորապես՝ պահպանել նրանց հիմնական աշխատավարձը, իսկ կիսամյակային հաշվետվությունը բացասական գնահատելու դեպքում չկիրառել հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները:

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է օրենքի 14.3-րդ հոդվածով  ՊԵԿ քննիչների համար սահմանված հավելավճարը նախատեսել ոչ թե կոչման, այլ դասային աստիճանի համար՝ հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի կարգավորումները: