Տպել
08.04.2021
ԱԺ այգում գարնանային զարթոնք է
1 / 9

Գարնան բացվելուն պես Ազգային ժողովի այգում բարեկարգման աշխատանքներ են: Վաղ առավոտից խորհրդարանի այգու ամբողջ տարածքում  ԱԺ աշխատակազմի ամենաքչախոս աշխատակիցները՝ այգեպանները, նոր բուսատեսակներ են հանում ջերմոցներից ու տնկում նախօրոք մշակված  հողերում: Այգեգործները հոգատարությամբ մաքրում, փխրեցնում են հողը, հնձում խոտածածկ հատվածները, էտում ծառերն ու նոր կյանք հաղորդում Երեւանի ամենագեղեցիկ այգիներից մեկին: Այգեպան Սիմա Աբգարյանն ամբողջ ձմեռ հետեւել է բույսերի տրամադրությանն ու ախորժակին:

Աշնանը տարհանված ու ամբողջ ձմեռ ջերմոցում խնամքով պահված բուսատեսակները մասնագետները նորից բերում են արեւի անմիջական շողերի ներքո տնկելու: Բույսերը շատ զգայուն են, այգեպանները գիտեն նրանցից յուրաքանչյուրի բնավորությունը, հողում տնկելիս հաշվի են առնում բոլոր դետալները`  եղանակային պայմաններից մինչեւ ստվերի առկայություն:

Գորգային ձեւավորումների համար ջերմոցն արդեն լքել են ագավաները եւ յուկաները: Այս տեսակները ցրտադիմացկուն չեն, նրանց հայրենիքում միշտ տաք է: Մերձարեւադարձային բույսերի խնամքի հարցում ԱԺ աշխատակիցները մասնագիտացած են, մինչ օրս ոչ մի բույս չի ցրտահարվել: Ավելին՝ ագավաները ձմռան ընթացքում հասցրել են նույնիսկ բազմանալ:

Ծառատեսակների շարքում իր յուրահատուկ տեղն ունի Կարմիր գրքում գրանցված մանուշակագույն հուդայածառը: Չնայած ոչ տրամադրող անվանը՝ հուդայածառն այգում այլ ծառերի հետ բավականին հաշտ է ապրում:

Այլ ծառերի շարքում կան աշխարհի ամենաբարձր ու սլացիկ սեկվոյաները, մետաքսե ակացիաները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց այգեգործ Սիմա Աբգարյանը, ջերմոցային բուսատեսակները հաճախ գեղեցկացնում են ոչ միայն այգին, այլեւ ԱԺ աշխատասենյակները: Այգեպանը չի բողոքում խորհրդարանի աշխատակիցներից, ասում է՝ խնամքով եւ սիրով են մշակում սենյակային բույսերը: Սակայն լինում են դեպքեր, երբ ծաղիկները հատուկ հոգատարության կարիք են զգում: Այդ պարագայում բույսերը նորից գալիս են հարազատ ջերմոց եւ «վերակենդանացվում»՝ հատուկ ջերմաստիճանի պայմաններում: Հետո աշխատասենյակ վերադառնալու պայմանով:

Այգու հարդարման աշխատանքներում ներգրավված է 10 այգեպան: Նրանք աշխատանքի որեւէ բաժանում չունեն: Հավասարապես էտում են ծառերը, խնամում բույսերն ու ջրում այգին: