Տպել
13.04.2021
Պատգամավորների ելույթները ՀԾԿՀ-ի անդամի թեկնածուի վերաբերյալ
1 / 9

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը: Հարցը քննարկվեց ապրիլի 13-ի նիստում: ՀԾԿՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ ընտրությունն անցկացվելու է այսօր 13:20-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում:

Արտակ Մանուկյան. Ի հակադրություն հնչող տեսակետների՝ ՀԾԿՀ-ն գործող հարթակ է, որտեղ սպառողի եւ խոշոր կազմակերպություների հնարավոր շահերը պետք է քննարկվեն: Բացի այդ, այն պետք է ունենա մասնագիտական դիտարկումներ, հետեւաբար միտված չէ որեւէ կողմի շահին? ՀԾԿՀ-ի շահերի կենտրոնում կանգնած է ռազմավարական եւ հետագա շահագործման բալանսավորված շահը: Սա ակնհայտ է, դա այդպես է ողջ աշխարհում:

Թագուհի Թովմասյան. Ռիսկը, թե թեկնածուն ում շահն է սպասարկելու ընտրվելու դեպքում, առաջացավ կենսագրությունը կարդալիս, որովհետեւ աշխատել  է էլեկտրական ցանցերում, այսինքն՝ եղել է հակառակ բեւեռում: Դժվար է պատկերացնել՝ ինչպես է գոնե մարդկային առումով հակադրվելու նախկին գործատուներին:

Սերգեյ Բագրատյան. Մենք ստեղծարար աշխատողի կարիք ունենք, ոչ թե կատարողի: Մեր հարցերը նպատակաուղղված են այն բանին, որ թեկնածուն պատրաստվի ռազմավարական պլաններ մշակելուն: Եւ իմ հարցադրումները հենց դրա համար են: Սա դժվար աշխատանք է, եւ եթե Դուք պատրաստ եք այդ առաքելությանը, ես մաղթում եմ, որ ընտրվեք եւ ծառայեք Հայաստանի Հանրապետությանը:

Գեւորգ Պապոյան. Մենք նվազագույնը երկու պահանջ պետք է ներկայացնենք ՀԾԿՀ անդամին: Առաջինը պրոֆեսիոնալիզմն է, երկրորդը՝ պետության, հասարակության եւ ժողովրդի շահերը պաշտպանելու կարողությունը: Սրանցից մեկը առնվազն պետք է լինի: Բայց լավագույն տարբերակը կլինի, որ ունենա երկուսն էլ:

Արման Բաբաջանյան. Մենք առաջարկում ենք, որ այստեղ հիմնարար խնդիրներից խոսենք: Ունենք մի իրավիճակ, որ պետք է հասկանանք՝ Հայաստանի՞ շահն է պաշտպանում այդ  հանձնաժողովը, թե օլիգարխիայի, որը հեղափոխությունից հետո էլ շարունակում է տիրապետել շատ կոնկրետ ենթակառուցվածքների եւ տնտեսական շահի, նաեւ եկամուտներ ապահովելուց բացի քաղաքական խնդիրներ է լուծում:

Սոֆիա Հովսեփյան. Ուզում եմ իմանալ՝ այսքան հարցերից հետո, որ հնչեցին, հասկացա՞ք՝ որքան անպատրաստ եք եկել որպես թեկնածու այս կարեւոր պաշտոնին նշանակվելու համար: Դա բավականին լուրջ պաշտոն է, եւ բոլորս դա գիտենք: Չորս-հինգ ամիսն արդյո՞ք չի բավարարել, որ Դուք տիրապետեք՝ ուր եք գնում: Վերանայեք Ձեր թեկնածության հարցը եւ Ձեզ հարվածների տակ մի դրեք:

Միքայել Մելքումյան. Այս Կառավարությանը չի հաջողվել մեղմացնել այն ռիսկերը, որոնք գոնե կարող էին: Էներգետիկան տնտեսության ողնաշարն է: Հայաստանը պետք է պատկերացնենք էներգետիկ առումով մրցունակ երկիր, որովհետեւ դա այն ոլորտն է, որը կարող է արդյունավետ աշխատել նույնիսկ շրջափակման պարագայում:

Թեկնածու Լեւոն Բունիաթյանի եզրափակիչ ելույթը. Ես երբեւէ աշխատանքի չեմ ընդունվել ծանոթի միջոցով: Որտեղ աշխատել եմ, դա արել եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Ես միշտ պատրաստ եմ սովորել: Չեմ աշխատել ՀԾԿՀ-ում եւ ձեր պահանջած ինֆորմացիային չէի կարող տիրապետել: 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...