Ապրիլի 16-ին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակյած ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով կազմակերպիչը պարտավորվում է աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ www.azdarar.am կայքով հրապարակել սակարկությունների անցկացման վերաբերյալ տեղեկատվություն:
Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո ավելի է հստակեցվել հրապարային սակարկությունների վերաբերյալ դրույթը:
Նա ընդգծեց, որ օրենքի նախագիծը միտված է հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Տաթեւիկ Գասպարյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշեց, որ համատեղ աշխատանք է տարվել. «Հույս ունենք, որ օրինագծով եթե անգամ չբացառվի, ապա կսահմանափակվի մի արատավոր երեւույթ»:
Փոխնախարարն ընդգծեց, որ հույս ունեն հետագայում հասնելու աճուրդների անցկացման էլեկտրոնային եղանակին: