Տպել
16.04.2021
Եզրափակիչ ելույթներ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ
1 / 19

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյան. Ճգնաժամը բերում է նրան, որ մենք պետք է ձերբազատվենք ստերեոտիպերից: Հույս ունեմ, որ հաջորդ խորհրդարանը կլինի շատ ավելի որակյալ ու փաստահեն, եւ 2021-ի արդյունքները գնահատելիս մենք կխոսենք համախմբման եւ միասնության մասին: Այո, Հայաստանն ունի ապագա, բայց այս պահին քարկոծողները շատ են: Ապագայի համար մենք բոլորս պետք է համախմբվենք:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան. Նշվել է, որ համավարակի ու պատերազմի ժամանակ իրականացրած միջոցառումները համարժեք չեն եղել տնտեսական անկման ծավալներին: Աջակցության համատեքստում պետք է դիտարկել նաեւ հարկային արձակուրդի մասին օրենքը, որով մոտ 60 մլրդ դրամ էր նախատեսվում տնտեսվարողների համար: Այդ նույն համատեքստում պետք է դիտարկել նաեւ մեր ընդունած օրենքը, որով բանկերին հնարավորություն էինք տալիս մարդկանց վարկերը վերակառուցելու, տուգանքներն ու տույժերը մարելու, եւ դրա համար նրանք հարկային պարտավորություններից ազատվում էին:  Տնտեսվարողների համար եղել են ուղիղ աջակցության միջոցառումներ եւս: 7.6 տոկոս տնտեսական անկումը շա՞տ է, թե՝ քիչ: Իհարկե շատ վատ է, որ ունեցել ենք այդքան անկում: Բայց պետք է ամեն ինչը նայել համեմատության մեջ: Մատերի վրա կարելի է հաշվել երկրներ, որոնք տնտեսական անկում չեն ունեցել: 2019-ին մենք ունեցել ենք բարձր աճ ու այդ դեպքում անկումը շատ հավանական էր:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան. Վաղ է դեռ գնահատականներ տալ, թե համավարակի դեմ պայքարում որ երկրներն են հաջողությունների հասել, կա՞ արդյոք երկիր, որ հաջողության հասել է, ի՞նչ է նշանակում հաջողության հասնել կամ տապալվել: ՀՀ Կառավարությունը, դրսեւորելով հավասարակշռված, օպերատիվ գործելու, արագ արձագանքելու քաղաքականություն, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները հնարավորինս զսպելու վարակի տարածումը մեր երկրում: Եվ երբ վարակը, օբյեկտիվ պատճառներից ելնելով, այնուամենայնիվ ներթափանցեց մեր երկիր, կանխարգելիչ գործառույթներ են իրականացվել, որ առողջապահական համակարգը դիմակայի համավարակին: Ներդրվել են բոլոր անհրաժեշտ սանիտարահամաճարակային կանոնները, որոնք մի կողմից ապահովում են տնտեսական գործունեության հնարավորությունը, մյուս կողմից՝ փորձում պաշտպանել քաղաքացիներին: Հայաստանում այսօր առկա են պատվաստանյութեր, որոնք շատ կարեւոր վերջնական դերակատարում ունեն հիվանդացության հաղթահարման գործընթացում: Մենք առաջին օրվանից փորձել ենք քաղաքացիներին տրամադրել համավարակին վերաբերող ամբողջական տվյալներ: Ճգնաժամային կառավարմանը զուգահեռ իրականացվել են բոլոր ծրագրային պարտավորությունները: Վերջին 2-3 տարիների ընթացքում ՀՀ առողջապահական բյուջեն 30 % աճ է գրանցել: Մարզային հիվանդանոցների կարողությունները զարգացնելու նպատակով խոշոր ներդրումներ եւս կատարվել են:  Ցանկանում եմ ընդգծել, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ պետությունն ուշադրություն է դարձրել Հոգեկան առողջության կենտրոնին եւ հաստատել է պետական բյուջեի միջոցներով այն ամբողջական վերակառուցելու եւ վերազինելու պարտավորությունը: Աշխատանքները կմենկնարկեն այս տարի: Մեծ փոփոխությունների, ներդրումների, զարգացման անհրաժեշտություն կա Հայաստանում, այդ թվում նաեւ առողջապահության ոլորտում: Սակայն մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք ստացել, ինչպիսի՞ քայլեր ենք ձեռնարկել եւ ո՞ւր ենք գնում:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան. Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ բուն թեմայից պետք է շեղվեմ, բայց իրերը պետք է կոչել իրենց անուններով: Անձնավորություն, որը եկել եւ նստել է թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին եւ փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հագուստը, ինչը նրան չի հաջողվում, ասում է, որ փոխվարչապետն ու նախարարը հազիվ վերջին պահին են եկել: Եթե դուք չեք տեսել մեզ, չեք ուզում նկատել մեզ այստեղ, ուրեմն պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում եւ կատարել Կառավարության անդամի մեր պարտավորությունը: Կամ ասում եք, որ դարձել եք նախարար՝ ձեզ ո՞վ պետք է ընտրեր: Լավ, նույն քաղաքական միավորի մեջ էինք, երբ սկսեց գործընթացը: Այո՛, հեղափոխությունն արել է ՀՀ քաղաքացին, լավ մենք այդտեղ կապ չունեինք: Եւ ո՞նց դրանից հետո ես ու իմ գործընկերները դարձանք նախարար, բայց դուք չդարձաք: Կան պատճառներ եւ ժողովուրդը դրա մասին գիտի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան. Արձանագրումներն ու հարցերն, որոնք հնչեցին, հնարավորություն են տալիս վերաիմաստավորել եւ վերագնահատել արածը: Բնականաբար, զեկույցում արտացոլված չէ այն ամենը, ինչ արվել է: Եկեք մի բան արձանագրենք, որ մեզ հաջողվեց երկու ծանրագույն վիճակի պայմաններում ֆինանսական կայունությունն ապահովել: Ես կարող եմ վստահ ասել, որ մեզ հաջողվեց կառավարել այդ ռիսկերը՝ խուսափելով լուրջ ու ծանր հետեւանքներից: