Տպել
16.04.2021
Գերեզմանատեղերի տրամադրմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն
1 / 2

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 16-ի հերթական նիստում:

Առաջարկվում է հստակ սահմանել ընտանիքի անդամ հասկացությունը, ամրագրել այն անձանց շրջանակը, որոնք համարվում են ընտանիքի անդամներ եւ կարող են հուղարկավորվել ընտանեկան գերեզմանատանը: Դրանք են ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջինների համար՝ նաեւ փեսան եւ հարսը: Գործող օրենքում ամրագրված է «մահացածի հարազատներ» հասկացությունը:

Օրենքի նախագծով ամրագրվում են մի շարք հասկացություններ եւս:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ օրինագծի մշակմանը հիմք են հանդիսացել քաղաքացիների դժգոհությունները: Օրենսդրական փաթեթը միտված է նաեւ կրճատելու այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք առաջանում են գերեզմանատեղերի տրամադրման ժամանակ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ մանրամասն աշխատել են օրինագծի վրա եւ այդ ընթացքում հայտնաբերել մի շարք խնդիրներ եւս, որոնք հետագայում կփորձեն լուծել: