Տպել
16.04.2021
Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն էներգետիկ բնագավառի զարգացմանը
1 / 1

Ապրիլի 16-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հեղինակի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման վրա եւ կնպաստեն հարմար ներդրումային ֆոնի ստեղծմանը տնտեսության համար այս կարեւոր բնագավառում:

Առաջարկվում է տարեկան վերջնահաշվարկի ժամկետը դեկտեմբերի 31-ից տեղափոխել ապրիլի 30-ը, որով սպառողը հնարավորություն կունենա իր համար անհրաժեշտ  էներգիայի ծավալներով  արտադրել եւ սպառել այն՝  խուսափելով հավելյալ ծախսերից, քանի որ այդ ամիսներին արեւային օրն ավելի կարճ է, իսկ ամպամածությունն ավելի շատ:

Նշվեց, որ փոփոխությունների արդյունքում նաեւ ինքնավար էներգաարտադրողները կազատվեն հավելյալ ամսական ֆինանսական ծանրաբեռնվածությունից, եւ գիշերային սակագնի վճարները կկատարվեն տարեկան վերջնահաշվարկի ժամանակ:

Արտաշես Պետրոսյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի շուրջ կազմակերպվել է նաեւ աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը, ներկայացնելով դրական եզրակացությունը, նշեց, որ օրինագիծն ավելի կհստակեցվի երկրորդ ընթերցման ծամանակ, քանի որ ֆինանսական որոշակի կարգավորումների անհրաժեշտություն կա:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ կան որոշակի հարցեր, որոնք կքննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո: