Տպել
16.04.2021
Կստեղծվեն անձեռնմխելի կապիտալով ֆոնդեր. օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ
1 / 1

Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի, Ծովինար Վարդանյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց ապրիլի 16-ի ԱԺ հերթական նիստում: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշեց, որ օրենսդրական փաթեթի գաղափարը եղել է շատ վաղուց, ավելի տարածված է «Endowment Fund»-երի անվանումը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել 9-ն ամիս առաջ եւ պատերազմով պայմանավորված` քննարկումը հետաձգվել է: Առաջին ընթերցումից հետո հարցի վերաբերյալ կկազմակերպվի քննարկում՝ շահագրգիռ անձանց մասնակցությամբ եւ կլինեն որոշակի փոփոխություններ:

«Այն այս վիճակով թերի է, դեռ պետք է քննարկել գաղափարը»,-ասաց Արտակ Մանուկյանը: Պատգամավորն ընդգծեց, որ թեեւ նախագծի անվանումը ենթադրում է անդրադառնալ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին, սակայն այն միայն հիմնադրամների մասին չէ. «Խոսքն ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին է, ոչ միայն հիմնադրամների, այլեւ հկ-ների»: Հիմնական զեկուցողը, շեշտելով, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, հորդորեց բոլոր շահագիգիռ անձանց ներկայացնել առաջարկություններ, որպեսզի առավել որակյալ ներդրվի այս օրենսդրությունը՝ խուսափելով հատվածային լուծումներից:

Հարակից զեկույցում Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ «Endowment Fund»-երի ստեղծումն առաջադիմական գաղափար է, որի նպատակը որոշակի խնդիրների լուծումն է՝ սպորտի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: Ընդ որում, այդ ակտիվների համախումբը ենթակա չէ օտարման: Փոխնախարարն ընդգծեց, որ գաղափարին Կառավարությունը դեմ չէ, սակայն կան մի շարք դիտարկումներ, առաջարկներ, որոնք հեղինակների հետ պայմանավորվածության համաձայն կվերախմբագրվեն ու կշտկվեն հաջորդիվ: