Տպել
16.04.2021
Փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում
1 / 1

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ապրիլի 16-ի հերթական նիստում քննարկեց Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Փոփոխությունները պայմանավորված են սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությամբ, որոնք վերջին 20 տարում չորս, հինգ անգամ փոփոխվել են: Սրանով պայմանավորված՝ որոշակի փոփոխություններ են իրականացվել: Օրենքով սահմանվել են մի շարք արտոնություններ, ինչպես նաեւ մի շարք դեպքերում վերանայվել է պետական տուրքը. այն բարձրացվել է: Առաջին ընթերցումից հետո մասամբ ընդունվել են պատգամավոր Արթուր Դավթյանի ներկայացրած առաջարկները: Ըստ այդմ՝ տրվել են նոր արտոնություններ՝ զինծառայողների կամ այլ քաղաքացիների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած կամ մահացած ճանաչելու գործերին: Պետական տուրքից այդ անձինք կազատվեն:

Միաժամանակ պետական տուրքից կազատվեն նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած անձանց ժառանգները, եթե խոսքը վերաբերի ժառանգության ընդունման գործերին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ միայն ինքն է դեմ քվեարկել նախագծին եւ ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են: Պատգամավորը հորդորեց կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: