National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
20.04.2021
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ելույթը
1 / 1

Հարգելի գործընկերներ,

ձեզ երբեւէ շուն անվանե՞լ են: Ինձ եւ իմ հայրենակիցներին անվանել են: Մի քանի ամիս առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւն ասաց, որ իրենք հայերին շան պես քշել են:

Ձեզ երբեւէ հոգեկան հիվանդ անվանե՞լ են: Ինձ եւ իմ հայրենակիցներին անվանել են: Մոտ մեկ շաբաթ առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւը հրապարակավ ասաց, որ հայ հասարակությունը հոգեկան հիվանդ է եւ բժիշկների կարիք ունի:

Երբեւէ տեսե՞լ եք, որ ձեր ժողովրդի կրոնական հուշարձանները ոչնչացվեն գրեթե ուղիղ եթերում: Ես դա տեսնում եմ գրեթե ամեն ամիս, երբ նորանոր հաղորդագրություններ են գալիս այն տարածքներից, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, որտեղ ոչնչացվում են հայկական եկեղեցիները:

Երբեւէ տեսե՞լ եք Մադամ Տյուսոյի թանգարանի ռասիստական տարբերակը: Դե հիմա կարող եք, որովհետեւ անցյալ շաբաթ, կրկին, Ադրբեջանի նախագահը Բաքվում բացեց այսպես կոչված ռազմավարի պուրակը, որտեղ շղթայված, մահացող կամ վիրավոր հայ զինվորների մանեկեններ են տեղադրված՝ նվաստացուցիչ, ապամարդկայնացնող մանեկեններ, որոնցով հայերը պատկերված են որպես տգեղ, հիմար կամ չար:

Այո, սա իրական կյանք է, եւ հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել: Նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ: Եվ այս իրավիճակում, այս մթնոլորտում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը վերադարձրել է իր ունեցած բոլոր ռազմագերիներին, չնայած միջազգային հումանիտար իրավունքին, չնայած նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, որով ավարտվել են ռազմական գործողությունները, նրանք հրաժարվում են հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ գերեվարվածներին: Սա անընդունելի է:

Հարգելի գործընկերներ,

այս դահլիճում մենք քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, բազմաշերտ խնդիրներ, որոնց վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ: Բայց այս խնդիրը դրանցից չէ: Սա պարզ խնդիր է: Սա սեւ-սպիտակ խնդիր է: Հայ ռազմագերիներին եւ այլ գերեվարվածներին Ադրբեջանը պետք է վերադարձնի: Սա պարտադիր է, սա պարտավորություն է, եւ սա պետք է տեղի ունենա:

Եվ հուսով եմ, երբ այս բանավեճն ավարտվի, եւ բոլորդ վերադառնաք ձեր առօրյա կյանքին կամ վերադառնաք քննարկելու այլ կարեւոր, բայց, գուցե, պակաս ծանր հարցեր, դուք ժամանակ կգտնեք մտածելու այն հարյուրավոր հայ երիտասարդ տղաների մասին, ովքեր պահվում են որպես պատանդ մի երկրում, որտեղ նրանց ատում են:

Շնորհակալություն: