2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող մեկ ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով եւ ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան եւ հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:
Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:
Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:
Խնդրում եմ մի րոպե հատկացրեք եւ նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը եւ մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:
Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում:
Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի եւ Հայաստանի հանդեմ համակարգային ռասայական ատելություն է տիրում: Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է եւ պարզապես անընդունելի:
Այս գործողությամբ Ալիեւը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը եւ Սադամ Հուսեյնը:
Միեւնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադամ Հուսեյնն էր:
Հուսեյնի նման Ալիեւը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ եւս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջեւ. Հուսեյնի նման, Ալիեւը եւս չի վերադարձնում ռազմագերիներին:
Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը եւ նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին եւ ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է:
Հարգելի՛ գործընկերներ,
պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին եւ նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր եւ տարածվում ամբողջ աշխարհում:
Ես կոչ եմ անում ձեզ ուշադրության արժանացնել այս իրադարձությունները եւ հուսով եմ, որ անհրաժեշտ եւ հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի: