Տպել
21.04.2021
Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է սեփականը համարել Երեւանի մշակութային հուշարձանը
1 / 7

Ադրբեջանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականը համարելով: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի մայրաքաղաքի հուշարձանն է: Հանրապետության փողոցի մի հատվածը (Հանրապետության 32) 19-րդ դարի 50-ական թվականներին պատկանել է պարսիկ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն: 1876 թվականին այդտեղ կառուցվել է Պարսկաստանի առաջին հյուպատոսի նստավայրը: Ճարտարապետը գերմանացի է` Երեւանի նահանգային ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն:

Ժամանակին պարսից հյուպատոսին պատկանող սենյակի պատերն ամբողջությամբ ծածկված էին որմնանկարներով: Դրանք ամբողջությամբ պահպանվել են: Սենյակի կենտրոնում կա հայելապատ աղոթարան-խորշ: Ջահը, որը սենյակում կախվել է 1927 թվականին, նախագծել է անձամբ Ալեքսանդր Թամանյանը:

Հյուպատոսությունը գործել է մինչեւ 1920 թվականը:

Այնուհետեւ այս շենքում է տեղակայվել հայկական դիվիզիայի շտաբը: Հետագայում 3 տարի այստեղ գործել է Հայաստանի օգնության կոմիտեն, որը ղեկավարել է Հովհաննես Թումանյանը:

Ըստ արխիվային գաղտնի փաստաթղթի՝ 1963-ից այստեղ է իր գործունեությունը ծավալել Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը: Դրա հիմնադիրներից է եղել նկարիչ Մարտիրոս Սարյանը, որը նաեւ հանդիսացել է ընկերության առաջին նախագահը:

Ադրբեջանաթուրքական տանդեմն իր վարած մշակութային քաղաքականության համաձայն՝ փորձում է իրենը համարել Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքը:  Թուրքիայի պետական լրատվական կորպորացիայի (TRT) ռուսալեզու ծառայությունն իր պատրաստած տեսանյութում շենքը ներկայացնում է որպես «ադրբեջանական թագավորական պալատի» մի մաս:

ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանի համար դա նորություն չէր. «Ադրբեջանը ցանկացած մահմեդական հուշարձան եւ նույնիսկ ոչ մահմեդական, որոնք հիմնականում Կովկասի տարածքում են գտնվում, համարում է իրենը: Գործ ունենք սեփականելու, բռնայուրացման քաղաքականանության հետ, որը, բնականաբար, տեղավորվում է մշակութային ցեղասպանություն տերմինաբանության տակ»:

Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու փորձով:

Գոռ Երանյանը նշեց, որ նրանք փորձում են վերահասցեավորել Սեֆյան ժամանակաշրջանի իրանական պետության բոլոր մշակութային հուշարձանները եւ առհասարակ Սեֆյան պետությունը համարում են ադրբեջանական: Այս համատեքստում այդ դինաստիայի ստեղծած բոլոր հուշարձանները եւս համարում են  իրենցը:

Ադրբեջանի նման վարքագիծը բարկացրել է նաեւ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ին: Նրանք հանդես են եկել այս ակնհայտ կեղծիքը եւ այլոց մշակութային ժառանգության սեփականաշնորհման հերթական փորձը դատապարտող հայտարարությամբ:

ՀԿ-ի գործադիր տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի կարծիքով՝ նյութի իրական թիրախը ոչ այնքան Հայաստանը եւ հայկական լսարանն են, որքան Իրանն ու վերջինիս լսարանը: «Հայկական ժառանգության նկատմամբ նման ոտնձգությունները կանխարգելելու նպատակով մենք պետք է էլ ավելի միավորենք մեր ջանքերը Հայկական լեռնաշխարհում մեր ժառանգության ճանաչման, իրավատիրության եւ պահպանման գործում»,-նշեց նա:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ. «Ադրբեջանի կողմից մշտապես լինում են այսպիսի ջղաձգումներ հայկական մշակույթի հանդեպ ոտնձգությունների տեսքով: Սրա հիմնական նպատակը Հայաստանում եւ առհասարակ տարածաշրջանում հայկական հետքի ջնջումն է, որպեսզի ամեն կերպ ապացուցեն, որ իրենք հայերից առաջ այստեղ մշակութային կոթողներ են ունեցել»:

Ըստ Գոռ Երանյանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան կեղծարարության առումով անմրցելի են. «Ղարաբաղյան հակամարտությունը հենց այստեղ է թաքնված: Ադրբեջանը մշտապես չի ընդունել հայկական էթնոսի գոյությունն Արցախում՝ մեզ համարելով աղվաններ, ալբանացիներ»,- եզրափակեց պատգամավորը:

Երեւանի կենտրոնում գտնվող շենքի շուրջ ադրբեջանաթուրքական բացահայտ կեղծիքները, ցավոք, շարունակվում են` մեկը մյուսից անհեթեթ տարբերակներով: