Խորհրդարանը մայիսի 7-ին քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ 2019-ի հոկտեմբերի 28-ին երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթուղթը կնպաստի փոխշահավետ տնտեսական եւ գործարար կապերի խթանմանը:
Համաձայնագրով լրացվել են նոր հասկացություններ, սահմանվել են ուղեւորափոխադրումների ընդհանուր դրույթները, հստակեցվել են բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրման եւ թույլտվություններից ազատման դեպքերը: Նաեւ վերանայվել են գանձումների եւ հարկերի պահանջները:
«Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով եւ պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին»,-եզրափակեց Սիմոնյանը:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել եւ վավերացնել համաձայնագիրը: