National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
11.05.2021
«Հայ ճարտարապետների ստեղծագործական ներդրումը Բաքվի քաղաքային դիմագծի ստեղծման գործում» թեմայով ցուցահանդես խորհրդարանում
1 / 12

Մայիսի 11-ին խորհրդարանում բացվեց Մայիսյան եռատոնին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ ճարտարապետների` Բաքվում կատարած աշխատանքները:

Ցուցահանդեսը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, ճարտարապետներ, արվեստաբաններ, ներկայացուցիչներ պետական, պաշտոնական գերատեսչություններից, խորհրդարանի աշխատակազմից:

«Այս տարին մեզ համար շատ ծանր էր: Շուշին մերը չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք: Մենք պետք է առաջ նայենք եւ շարունակենք պայքարը հանուն այն տարածքների, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- ասաց Թագուհի Թովմասյանը: 

Ցուցահանդեսում ներկայացված են հայազգի, այդ թվում` ծնունդով Շուշիից, ճարտարապետներ Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյանի,  Վարդան Ստեփանի Սարգսյանի, Նիկողայոս Գեւորգի Բաեւի, Հովհաննես Մաթեւոսի Քաջազնունու, Սիմոն Տեր-Հակոբյանցի, Աննա Սարգսի Օլտեցյանի, Ֆրեյդուն Հակոբի Աղալյանի աշխատանքների լուսանկարները: Նրանց ստեղծագործական մտքի շնորհիվ Բաքուն գավառական ավանից վերածվեց Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: Կարեւոր է նշել նաեւ, որ Բաքվի զարգացմանը նպաստել են հայազգի մեծահարուստներ Ա.Մանթաշյանի, Պ. Տեր-Ղուկասյանի, Մ. Արամյանցի, Բուդաղյան եղբայրների, Ադամյանների եւ այլ մեծահարուստների դրամական ներդրումները:

«Հայ ճարտարապետների ստեղծագործական ներդրումը Բաքվի քաղաքային դիմագծի ստեղծման գործում» թեմայով ցուցադրության նյութերը նախապատրաստել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը 90-ականներին աշխատել է պրոֆեսոր Էդմոն Տիգրանյանի հետ: 90-ականների սկզբին ճարտարապետության դոկտոր, պրոֆեսորը հրատարակել է «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ եւ XX դարի սկիզբ» աշխատությունը: Էդմոն Տիգրանյանն անվանի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին է: Սովորել է Սանկտ Պետերբուրգում, աշխատել Թբիլիսիում, 1940-ից` Երեւանում: Էդմոն Տիգրանյանը Երեւանում եւ Թբիլիսիում կառուցված մի շարք նշանակալի բնակելի եւ հասարակական շենքերի, ինչպես նաեւ 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Գիտական աշխատությունում անդրադարձ է կատարվել 19-20-րդ դարերի Բաքվի քաղաքաշինական կերպարի ձեւավորմանն առնչվող խնդիրներին: Հետազոտությունը արժեքավոր է նաեւ տարածաշրջանի հայոց կյանքի տարբեր կողմերը դիտարկելու տեսանկյունից:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց Թագուհի Թովմասյանին նախաձեռնության համար` նշելով, որ եւս մեկ կարեւոր առիթ է հիշելու, թե 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Բաքվի հայկական համայնքն ինչպիսի դերակատարում է ունեցել քաղաքի մշակութային, տնտեսական եւ քաղաքաշինության զարգացման գործում: Լիլիթ Մակունցն անդրադարձավ մասնավորապես Նիկողայոս Գեւորգի Բաեւի աշխատանքներին, որն ուսանել է Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտում, իսկ 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը: Նրա նախագծերով Բաքվում կառուցվել է 100-ից ավելի շենք եւ շինություն: Բաեւի գործերից են Հյուսիսային դրամատան երկհարկանի շենքը` կառուցված մոդեռն ոճով, Մաիլյան եղբայրների պատվերով կառուցված օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքը` նախատեսված 2110 հանդիսատեսի համար: Թատրոնը մինչ օրս էլ գործում է:

Լիլիթ Մակունցն արձանագրեց, որ Շուշիի հայերը եղել են առաջադեմ հայացքներ կրող, հայկական մշակույթը տարածող եւ հարստացնող գործիչներ: Նա նշեց, որ Շուշիի նկատմամբ սերը բոլորիս համար պետք է համախմբող դեր ունենա:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը ներկայացրեց հայազգի ճարտարապետների գործունեությանը վերաբերող հետաքրքիր տեղեկություններ:

Հատկանշական է, որ Ախալքալաքում ծնված Հովհաննես Մաթեւոսի Քաջազնունին, որն ուսանել է Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտում, 1893-1895-ին աշխատել է Բաքվի նահանգային վարչության շինարարության բաժնում, 1899-1906-ին` «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի խորհրդում» որպես ավագ ճարտարագետ: 1918-ին ստանձնել է Հայաստանի առաջին վարչապետի պաշտոնը: Քաջազնունու գործերից է Բաքվի Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին (1909թ.): Եկեղեցու շինարարությունն ավարտել է Բաեւը, սակայն այն քանդել են 1937-ին: Հետագայում եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Պետական կոնսերվատորիայի շենքը: Այն հիմքում ունի խաչի ձեւ:

Խոսելով ծնունդով Շուշիից հայ մեծանուն ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանցի մասին` Անուշ Տեր-Մինասյանը նշեց, որ նրա գործերից ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Հայ Առաքելական եկեղեցին է: