National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.7.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.07.2021
Ազգային ժողովի հնաբնակները, որոնք աշխատում են այստեղ տասնամյակներ
1 / 10

Երկրի գլխավոր կառույցներից մեկը` Ազգային ժողովը, բոլոր ժամանակներում համարվել է ամենապահանջված աշխատավայրերից: Ու որքան դժվար է ընդունվել ԱԺ, կրկնակի դժվար է հեռանալու որոշում կայացնելը: Դրա վառ ապացույցն է խորհրդարանի աշխատակիցների ստաժը: Իրենց կյանքից 20 տարուց ավելին ԱԺ-ին նվիրած մարդկանց թիվը 80-ից ավելի է: Ուստի, որոշեցինք բարձրացնել շեմն ու ներկայացնել նրանց, ովքեր աշխատում են 30 տարուց ավելի: 
  


Քարտուղարության ու, առհասարակ, Ազգային ժողովի ամենաերկարամյա աշխատակիցը Սղագրական բաժնի պետն է` Էլեոնորա Գրիգորյանը: 18 տարեկան Էլյայի` գերարագ մեքենագրուհու համբավը «Հայաստան» հրատարակչությունից հասել էր ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն: Աշխատանքի հրավերը նրան չէր ուրախացրել. «Գերագույն խորհուրդը ծերանոց էր, ես էլ ջահել, սիրուն աղջիկ, գնայի ի՞նչ անեի»: Բայց ընտանեկան կոնսիլիումում հարցը քննարկվեց ու հստակ որոշվեց` կաշխատի: Կարճ ժամանակ անց նա դարձավ նախագահների ելույթների միակ մեքենագրողը: 
  
Նրա գրամեքենայի թրի տակով են անցել Սահմանադրությունն ու մնացած կարեւոր օրենքները: 51 տարվա աշխատանքի ընթացքում ղեկավարների հետ բախումները տիկին էլյան ժպիտով է հիշում. «Ասում էի` մնալու եմ, որ տեսնեմ` դուք ոնց եք գնում»: 
  
Գայանե Գրիգորյանի համար այս տարին հոբելյանական էր: Մայիսի 6-ին լրացավ 30 տարին, ինչ նա Ազգային ժողովում է: Գայանեն 88-ի Ղարաբաղյան շարժման Մերգելյան ինստիտուտի ակտիվիստներից էր, Գերագույն խորհրդում սկզբում որպես մատենագետ է աշխատել: Հետո հրատարակչական բաժնում է` որպես խմբագիր: Հրատարակել են Ազգային ժողովի վերաբերյալ գրքերը, բուկլետներ, տեղեկագրքեր: 
  
Խորհրդարանի նկատմամբ սեփականության զգացում ունի. «ԱԺ-ն այնքան է հարազատ, որ այստեղից հեռանալը տունը լքելու նման է»: Գայանեն հիմա լրատվական վարչությունում գլխավոր մասնագետ է, զբաղվում է կարեւոր գործով, անունն էլ` մշտադիտարկում:

Քարտուղարության վարչության ռուսերենի թարգմանիչ Գեորգի Հլղաթյանը թեեւ Ազգային ժողովում աշխատում է 91-ից, սակայն այս շենքում է շատ ավելի վաղուց: Նա աշխատել է  Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում, որն այդ ժամանակ տեղակայված էր ներկայիս Ազգային ժողովի շենքում: Սինքրոն թարգմանչի վարպետությունը նկատելով` առաջարկել են մնալ եւ աշխատել Ազգային ժողովում: Հիմա օրենքներն է թարգմանում:




Թաթուլ Սողոմոնյանը 1990-ին է աշխատանքի ընդունվել Գերագույն խորհուրդ: 1996-ից ղեկավարում է Ազգային ժողովի ամենամեծ վարչությունը` Քարտուղարությունը: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի ու մեդալների: 
  
Հատկանշական է, որ իր ղեկավարած վարչությունում են աշխատում խորհրդարանի ամենաերկար աշխատանքային փորձ ունեցողները: Աշխատակազմում գիտեն դրա գաղտնիքը. նա թիմին զերծ է պահում բոլոր հնարավոր օպտիմալացումներից: Թաթուլ Սողոմոնյանը հայտնի է որպես «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը կետ առ կետ հիշող միակ մարդը: Սողոմոնյանի համար աշխատավայրում կարեւորը մարդկային փոխհարաբերություններն են:

Ասատրյան Մարուսյան կամ տիկին Մարոն 33 տարեկան էր, երբ ընդունվեց Գերագույն խորհուրդ եւ գրեթե այդքան էլ` 31 տարի, աշխատում է այս շենքում: Նա սղագրուհուց փուլ առ փուլ դարձել է վարչության պետ: Հիմա ԱԺ այցելուներին, հյուրերին պատմում է Ազգային ժողովի պատմությունը: Խորհրդարանի մասին գիտի ամեն ինչ. «Աշխատում էի Մամուլում պետական գաղտնիքների վարչությունում, որտեղ կազմում էի Գերագույն խորհրդի տեղեկագիրքը: Հաճախ էի հեռախոսային խոսակցություն ունենում Գերագույն խորհրդի ակտերի հրապարակման բաժնի պետի հետ: Մի օր նա ինձ կանչեց Գերագույն խորհրդի շենք եւ տարբեր հանձնարարականներով ստուգեց աշխատանքային հմտություններս: Որոշ ժամանակ անց ստացա հրավեր` աշխատելու Գերագույն խորհրդում` որպես սղագրուհի: Մի քանի տարի անց տեղափոխվեցի նոր ստեղծվող գրադարան, հետո դարձա գրադարանի վարիչ, որը ղեկավարեցի 7 տարի: Այնուհետեւ, երբ ստեղծվեցին վարչությունները, դարձա Տեղեկատվականի պետը»: 
  
Հարցին` ինչն է այսքան տարի պահել նրան ԱԺ-ում, առանց երկմտելու պատասխանում է, որ սա իր երկրորդ ընտանիքն է: Երբ ինչ-որ տեղ բացասական կարծիք է լսում ԱԺ-ի մասին, վիրավորվում է, ասում է, որ կարծես իրեն են վիրավորում:

Օրդոյան ամուսիններին Ազգային ժողովում բոլորն են սիրում: 41 տարվա ամուսիններն ամեն առավոտ ձեռք ձեռքի բռնած գալիս են աշխատանքի, ավարտից հետո արդեն մի քանի տասնամյակ ժամադրվում նույն կետում` «Ազգային ժողովի նախագահի դալանի մոտ», տուն գնալու համար: 
  
Խորհրդարանում աշխատելու հրավերն առաջինը կինը` Կարինե Օրդոյանն է ստացել հեռավոր 1987-ին: Մի քանի տարի անց նրան է միացել ամուսինը` Սահակը: Մեկ տարի միասին աշխատելուց հետո սկսվում է Արցախյան առաջին պատերազմը, ու Սահակ Օրդոյանը Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ զորակոչվում է կռիվ: Կրկին Ազգային ժողով է վերադառնում 11 տարի անց: 
  
ԱԺ կայքի սպասարկման բաժնի աշխատակից տիկին Կառան ու տնտեսվար պարոն Սահակը երբեք չեն վիճում: Հարցին` դժվար չէ՞ ամուսիններին նույն վայրում աշխատելը, Սահակ Օրդոյանն ասում է, որ իրենք աշխատանքային ժամին գրեթե չեն հանդիպում եւ այս համատեքստում կատակով ավելացնում. «Շենքն այնքան մեծ է, որ պարբերաբար պատգամավորներ կամ աշխատակիցներ են կորել»:

92-ին «Մարս» միավորումից մի խումբ էնտուզիազմով ռադիոֆիզիկ երիտասարդ տղաներ` Սասուն Պետրոսյանը, Գառնիկ Խաչիկյանն ու էլի մի քանիսը որոշում են փոխել Ազգային ժողովի քվեարկության համակարգը: Դիմում են եւ հաջողում: Այդ ժամանակվանից Հայաստանի խորհրդարանում գործում է էլեկտրոնային համակարգը` գրավելով տարածաշրջանում բոլորի ուշադրությունը: 
  
Համակարգը գործում էր անխափան, բայց չէր բացառվում, որ մի օր վերանորոգման կարիք լինի: Ուստի տղաներին թիմով առաջարկվում է մնալ եւ աշխատել: Սասունը նշանակվում է խմբի ղեկավար, հետո արդեն նորաստեղծ բաժնի պետ ու այդպես գրեթե 30 տարի: Մի քանի տարի անց նույնատիպ համակարգ էլ նրանք ստեղծում են Արցախի խորհրդարանի համար: Սասունի համար ԱԺ գալը ճակատագրական էր: Մի քանի տարի անց` հենց խորհրդարանում, ծանոթանում է նորավարտ Լուսինեի հետ, սիրահարվում, ամուսնանում, ունենում երկու որդի: Ու մինչ օրս հավատարիմ է թե' Լուսինեին, թե' ԱԺ-ին: Ասում է` ԱԺ-ն երեխաներիդ մոր պես է, ինչ էլ լինի չես ցանկանա ցավեցնել ու հեռանալ:

Անտոնյան Աստղիկը 90-ին ընդունվել է որպես նիստերի արձանագրող եւ արդեն 31 տարի կատարում է նույն աշխատանքը: Նա խորհրդարանում հայտնի է որպես ծաղիկների սիրահար: 
  
Աշխատասենյակում մի մեծ հատված հատկացված է սենյակային բույսերին: Գիտի դրանք ճիշտ խնամելու բոլոր գաղտնիքները: Կոլեգաներին էլ հաճախ օգնում է բույսերի խնամքի հարցով: Ծաղիկներ նվիրել շատ է սիրում, բայց ոչ ծաղկամանով: Աստղիկը ծաղիկներից բացի, ԱԺ-ում հայտնի է որպես ասմունքող: Միջոցառումներին հնարավորությունը բաց չի թողնում եւ կարդում է իր գրած բանաստեղծություններից: Նա քառատողերով էլ շնորհավորում է նաեւ ծանոթների ու հարազատների տարեդարձները: 
  
Քուփելյան Սեդան 86-ից է ԱԺ-ում աշխատում: Սկզբում Գերագույն սովետի նախագահությունում, հետո` Գերագույն խորհրդում ու Ազգային ժողովում: Հրատարակչական բաժնի ավագ խմբագիրն էր: Սկզբում խմբագրում էր ամիսը երկու անգամ լույս տեսնող Տեղեկագիրքը եւ նիստերի սղագրությունները` ներքին շրջանառության համար: 
  
Հիշում է, որ դժվար էր գրամեքենայով ամբողջ նիստը սղագրելը. «Բավական էր մեկ սխալ եւ ամբողջ էջը նորից պետք էր հավաքել: Սակայն առավել բարդ էր այդքանը տպելու եւ ժամանակին հասցնելու գործընթացը: Բաժանում էինք Երեւանի բոլոր տպարաններում, վերջում հավաքում ու խմբավորում»: 
  
Սեդա Քուփելյանը հիմա արձանագրային բաժնի պետն է: Սիրում է իր աշխատանքը, քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնում լինելը:

Սկզբնաղբյուրը` այստեղ:


09.07.2021
Ազգային ժողովում պատվաստումների հերթական փուլն է
Թագավարակն աշխարհի համար սահմանեց նոր կանոններ ու փոխեց մարդկանց ապրելակերպը: Քովիդի դեմ պայքարում միակ ու հուսալի միջոցը պատվաստանյութն է, ինչը թույլ կտա բլոկավորել համավարկի տարածումն ու վերադառնալ բնականոն ապրելակերպին: Պատվաստվել ցանկացողների համար հասանելի են  միջազգայնորեն ընդունելի եւ բժ...

09.07.2021
Շախմատային մրցանակ՝ խորհրդարանի արարողակարգի թանգարանին
Հուլիսի 9-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանի արարողակարգի թանգարանին նվիրեց եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական եւ թիմային առաջնության մրցանակը: Այս տարի առաջին անգամ Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպվել էր եվրոպական եր...

09.07.2021
«Խորհրդարան 1918-1920». Ով կամենում է պաշտպանել Հայաստանի անկախությունը, պետք է չխնայի իր դրամը
Նախարարների խորհրդի հաստատած օրենքի համաձայն՝ թողարկվեց Հայաստանի անկախության փոխառությունը: «ՈՎ ԿԱՄԵՆՈՒՄ Է Վերականգնել Հայաստանի Արդիւնաբերութիւնն ու տնտեսութիւնը, ՈՎ ԿԱՄԵՆՈՒՄ Է Ամրացնել հայկական պետականութեան հիմունքերը, ՈՎ ԿԱՄԵՆՈՒՄ Է Օժանդակել Միացեալ Հայաստանի վերաշինութեանը, ՈՎ ԿԱՄԵՆՈՒՄ Է ՊԱՇՏՊ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am