Տպել
20.08.2021
Գեղարքունիքի առաջնորդության ակումբի անդամները՝ խորհրդարանում
1 / 20

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն օգոստոսի 20-ին հանդիպեց «Սոսե կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքում գործող առաջնորդության ակումբի անդամների հետ:

«Սոսե կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Սահակյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի առաջնորդության ակումբի անդամների այցը խորհրդարան կազմակերպվել է «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակում:

Կազմակերպությունը համայնքներում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ փորձելով ազդեցիկ դարձնել կանանց դերակատարությունը համայնքներում որոշումներ կայացնելու գործընթացում: Սեմինարների օգնությամբ փորձ է արվում նպաստել կանանց ներգրավվածությանը համայնքների կառավարման գործընթացներում:

Հերիքնազ Տիգրանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց խորհրդարանի գործունեությունը, խոսեց ԱԺ ութերորդ գումարման աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին:

Պատգամավորը պատասխանեց հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսական եւ սոցիալական ծրագրերին, երիտասարդների զբաղվածությանը նպաստող քայլերին, սպասվող կարեւոր օրենսդրական նախաձեռնություններին: