Տպել
30.08.2021
Քննարկվեցին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների տեղաշարժի կանոնակարգմանը վերաբերող հարցեր
1 / 12

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ օգոստոսի 30-ին Ազգային ժողովում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների, ԶԼՄ-ների ղեկավարների, լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ կայացավ աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին նաեւ ԱԺ պատգամավորներ:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր վեր հանել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի` «ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ խորհրդի (2021 թվականի օգոստոսի 18-ի ԱԺԽՈ-001-Լ) որոշման խնդրահարույց դրույթները:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ այսօրվա հանդիպումը նախաձեռնել է` հաշվի առնելով իր հրապարակային խոստումը` հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը լինելու է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների տեղաշարժի հարցը: Նրա խոսքով` ավանդույթի ուժով լրագրողները պետք է խորհրդարանում ազատ տեղաշարժվեն, իրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը:

Թագուհի Թովմասյանի գնահատմամբ` անհրաժեշտ է քննարկել եւ հասկանալ լրագրողների տեղաշարժի ռիսկերը եւ վտանգավորության շեմը: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ հանդիպման նպատակն է նաեւ լսել լրագրողներին, քանի որ լրագրողներին վերաբերող որոշումները ընդունվել են առանց լրագրողական հանրույթին լսելու: Նրա կարծիքով` ԱԺ խորհրդի որոշումը հակասում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթներին:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լեւոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ լրագրողների գործունեության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ հիմնավորմամբ, իսկ որեւէ սահմանափակում չի կարող լինել կամայական անգամ այն դեպքում, երբ օրենքներով կամ նորմատիվ ակտերով է կանոնակարգվում: «Հակառակ դեպքում դրանք որակվելու են որպես բռնություն խոսքի եւ արտահայտման ազատության դեմ»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին միավորվելու եւ համատեղ գործելու կոչ արեց: Ըստ նրա` հավատարմագրման գործող կարգը բավականին արդյունավետ էր:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը խորհրդարանում լրագրողների գործունեությանն առնչվող մի քանի առաջարկներ է ներկայացրել: Ըստ նրա` հավատարմագրված լրագրողների տեղաշարժը չի կարող սահմանափակվել խորհրդարանում, սակայն բացառիկ դեպքերում կան խնդիրներ` կապված լրագրողների ոչ էթիկական պահվածքի հետ: Հենց այս խնդիրը հաշվի առնելով` վերջինս առաջարկում է ՀՀ Ազգային ժողովում լրագրողի հավատարմագրման համար սահմանել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձի պահանջ, հավատարմագրել միայն այն լրատվամիջոցների լրագրողներին, որոնք ընդունել են մասնագիտական վարքագծի կանոնագիր:

ԶԼՄ ներկայացուցիչները բարձրաձայնեցին ԱԺ խորհրդի որոշման` իրենց գործունեությունը խոչընդոտող դրույթների մասին, ինչը, նրանց գնահատմամբ, հարիր չէ ժողովրդավարական երկրին: Անդրադարձ եղավ ԱԺ խորհրդի որոշման իրավաչափությանը: Կարեւորվեց լրագրողների կողմից հստակ առաջարկների ներկայացումն ԱԺ ղեկավարությանը: Առաջարկվեց բողոքի ակցիաներ իրականացնել, հանդիպել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, իրավական գործընթացներ սկսել: Քննարկվեց նաեւ իրավապաշտպաններին եւ միջազգային կառույցներին դիմելու հարցը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը` Թագուհի Թովմասյանն ընդգծեց` պետք է չեղարկվեն լրագրողների տեղաշարժման բոլոր սահմանափակումները: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` այս հանդիպումը եւս բողոքի ձայն էր: Նշվեց, որ ամփոփ արձանագրություն կկազմվի հնչած պահանջների եւ առաջարկների վերաբերյալ: