Տպել
09.09.2021
Աշխատանքային հանդիպման առանցքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն էին
1 / 11

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ աշխատանքային քննարկում:

Օրակարգում էին 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետպատերամյան շրջանում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին,  ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի, ՀՀ ՄԻՊ-ի, Սփյուռքի եւ միջազգային կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ավելի համընդգրկուն ներկայացնելու ոլորտի խնդիրները հատկապես հետպատերազմյան շրջանում: Վերջինս բարձրաձայնեց Արցախում կապի եւ հաղորդակցության խնդիրը՝ արձանագրելով, որ թեպետ Արցախի պատկան մարմինները եւ կապի օպերատորները միջոցներ են ձեռնարկում, այդուհանդերձ խնդիրը չի լուծվում: Կան սահմանամերձ բնակավայրեր, որտեղ կապը բացակայում է: «Կասկած չկա, որ Ադրբեջանն է դա իրականացնում խլացուցիչների միջոցով»,-ասաց նա:

Անդրադարձ կատարվեց Արցախում բնակարանային ապահովման խնդրին: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ դրանով է պայմանավորված նաեւ, որ 22 հազար արցախցի դեռեւս չի վերադարձել: Պետության կողմից տրվող վարձավճարները չեն համապատասխանում շուկայական գներին: Արցախի ՄԻՊ-ն այդ հարցով դիմել է Արցախի կառավարությանը, վարձավճարների փոխհատուցման ծրագրում փոփոխություններ են կատարվելու:

Գեղամ Ստեփանյանը խոսեց նաեւ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության եւ աշխատանքային խնդիրների մասին: Նրա դիտարկմամբ՝ այս փուլում պետք է իրականացվեն թիրախային կարճաժամկետ ծրագրեր, վիճակը կայունանալուց հետո՝ զարգացման ծրագրեր:

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ  սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական պայմաններին առնչվող տարաբնույթ  խնդիրներին, որոնց թվում նաեւ  հակառակորդի կողմից անասունների գողության դեպքերին:
 
ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ կյանքի իրավունքի խնդիրներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեպքերին, ազատ տեղաշարժի սահմանափակումներին, ջրի եւ սանիտացիայի հասանելիության իրավունքի պաշտպանությանը: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր խողովակներով, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափով պետք է ներկայացվեն Ադրբեջանի վայրագությունները: Արման Թաթոյանի գնահատմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ պետք է ներդրվեն: 

Հանդիպման ավարտին սերտ համագործակցության եւ խնդիրները համակողմանի քննարկելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: 


09.09.2021
Տեղեկատվություն
Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին  հավատարմագրերը  ստանալու նպատակով հրավիրում է ԱԺ աշխատակազմի կազմակերպած միջոցառմանը: Այն կկայանա  սեպտ...