Տպել
16.09.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 6

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց  Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը  նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ  հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ եւ նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման  եւ  Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար:

ԱԺ նախագահն անդրադարձավ հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից: Դրանք են խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման շուտափույթ իրականացումն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա ընդգծեց տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը՝ նշելով, որ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատեց տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը:

Կողմերն անդրադարձան  միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը: