ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները:
Շոմբի Շարփը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը:
Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը: