Տպել
28.09.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
1 / 5

Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
 
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը:  «Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները նպաստում են միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցությանը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները խոսել են պատերազմի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների եւ ճանապարհների անվտանգության մասին:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին,  մասնավորապես մարդկանց եւ պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին:

Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը գերիների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման գործում:

«Հայաստան» խմբակցության անդամները խոսել են դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանում «Հայաստան» խմբակցության դերակատարությանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...