Տպել
27.10.2021
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարեւորում են հայ-իրանական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Արմեն Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից են տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու հարաբերությունների ընդլայնումը, ինչն անհնար է պատկերացնել առանց Իրանի:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ չնայած Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված մշակութային եւ քաղաքական հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում համագործակցությունը դեռեւս ցանկալի մակարդակի վրա չէ: Նա նշել է, որ Իրանում ձեւավորված նոր կառավարությունը լծվել է գործի, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի հետ կապված օրակարգային բոլոր նախագծերը: Իրանը համագործակցության իրատեսական նախադրյալներ է տեսնում համատեղ արտադրություններ կազմակերպելու, գործարաններ հիմնելու եւ գործարկելու, առեւտրաշրջանառությունն ակտիվացնելու ուղղություններում: Դեսպանը վերահաստատել է, որ առկա է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը զարգացնելու մեծ ներուժ: Կողմերի կարծիքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին, որտեղ առկա է չիրացված մեծ ներուժ:

Արմեն Գեւորգյանի խոսքով՝ պատմական նոր հնարավորություններ են ստեղծվում, որոնք պետք է ճիշտ գնահատել եւ օգտագործել, հատկապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքի մասով: Նա համաձայնել է դեսպանի այն դիտարկմանը, որ առաջիկայում երկու երկրների առեւտրաշրջանառությունը կարող է հասնել մինչեւ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Նրա կարծիքով՝ մասնագիտական հանձնաժողովների երկխոսությամբ եւ փոխայցերով պետք է սկսել համատեղ ծրագրերի քննարկումներն ու իրականացումը: Իսկ փոխայցերը կնպաստեն նաեւ մարզերում եւ հատկապես Սյունիքում ներդրումներ կատարելուն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...