ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին, Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ազգային օրենսդրությունների համեմատությամբ ավելի նպաստավոր եւ կայուն հարկային միջավայր ձեւավորելն է:
Փաստաթղթով հիմնական եկամուտները ենթակա են հարկման ստացողի ռեզիդենտության երկրում: Կան բացառություններ. եթե պայմանավորվող կողմի ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է պայմանավորվող մյուս պետությունում մշտական հաստատության ձեւավորմամբ, ապա հյուրընկալող երկիրն իրավունք է ստանում հարկել այդ ձեռնարկատիրական եկամուտները: Հակառակ պարագայում միայն ռեզիդենտության երկիրն է այդ իրավունքը ստանում:
Պասիվ եկամուտների մասով հարկման նախապատվության եւ առաջնահերթության իրավունքը վերապահված է վճարման աղբյուր համարվող երկրին: Պասիվ եկամուտների դեպքում տոկոսների, ռոյալթիների համար նախատեսված է 5 տոկոս դրույքաչափ, շահաբաժինների դեպքում՝ 0 տոկոս, եթե դրանք ստանում է մի ընկերություն, որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 25 տոկոսը կամ կանոնադրական կապիտալում ունի առնվազն 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: