Տպել
05.11.2021
Գալիք բյուջետային տարում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կիրականացնի 8 խոշոր ծրագիր
1 / 2

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝  նախարարությանը  հատկացվելու է  335 մլրդ 257 մլն դրամ, որից 209 մլրդ 594 մլն դրամն ուղղվելու է կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 125 մլրդ 663 միլիոնը՝ ընթացիկ ծախսերին:  Նախարարությունն իրականացնելու է 8 խոշոր ծրագիր:

 Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի խոսքով՝  2022 թվականին Երեւան համայնքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է հատկացնել 20 մլրդ 441  մլն դրամի չափով, իսկ պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն՝ 37,5 մլրդ դրամի չափով:

Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման եւ վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է հատկացնել  6,6 մլրդ դրամ: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար կօգտագործվի 500 մլն դրամ:

«Ի՞նչ ընթացքում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքը»,- հետաքրքրվել են պատգամավորները: Սերգեյ Ներսիսյանը պարզաբանել է՝  հայտարարվել էր երկփուլանի մրցույթ, որի առաջին՝ նախագծային փուլն ավարտված է, որի համար  Կառավարությունը նախատեսել  էր 1,5 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:  Փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ մրցույթի երկրորդ փուլը եւս  հաջողությամբ կավարտվի:

Կրթության ծրագրերի մասով հատկացումը կազմում է 17,1 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 821 մլն դրամով:

Երեւանում նախատեսվում է հիմնանորոգել 31 մանկապարտեզ:

Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ մարզպետները, որոնք ներկայացրել են 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները: