Տպել
05.11.2021
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
1 / 8

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Նրանք մեկ ամիս ժամկետով իրենց գիտահետազոտական պրակտիկան են անցկացնում երկրի օրենսդիր մարմնում:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Ուսանողները խոսել են Հայաստանի խորհրդարանական կառավարման մոդելի մասին: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ կառավարման այդ համակարգը արդյունավետ կլինի գաղափարապես զարգացած կուսակցություններ ունենալու պարագայում: Այս համատեքստում նա կարեւորել է ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը խորհրդարանում: Պատգամավորը տեղեկացրել է, որ ինքը կիսանախագահական  կառավարման համակարգի կողմնակիցն է:

Անրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարական երկիր է՝ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ մեր պետությունն ամեն օր ավելի ժողովրդավար է դառնում:

Կառավարման ակադեմիայի ուսանողները նաեւ բարձրաձայնել են ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը, ինչին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը նշել է, որ օրակարգում այդ հարցը դեռ ներառված չէ: Ըստ նրա՝ փոփոխություն կարող է լինել միայն լայնամասշտաբ հանրային քննարկումներ անցկացնելուց հետո: «Սահմանադրությունը պետք է դառնա ՀՀ քաղաքացու սեղանի գիրքը»,- եզրափակել է պատգամավորը: