ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է օրինագծում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը եւ վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների, օրինակ, զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց պարտավորությունները: Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն հարուցվել են կատարողական վարույթներ, գանձվել կատարողական գործողությունների կատարման ծախսեր: Առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը եւ վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով եւ մարտական գործողություններով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում պարտավոր է վճարել կատարողական ծախսերը: Ուստի, հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ անձանց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական ծախսեր չգանձել:
Պատգամավորները կարեւորել են օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ ներկայացնելով առաջարկներ անձանց շրջանակն ընդլայնելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրինագիծը քննարկել 24 ժամվա ռեժիմով:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: