Տպել
24.11.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին
1 / 5

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը  Ֆրանսիայում նոյեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով  համաժողովին, որի մեկնարկից առաջ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել   ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին  միջոցառման անցկացման ու պարզապես հայերի կողքին լինելու համար:

Ալեն Սիմոնյանը  փաստել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքները սարսափելի են, կորուստները՝ անդառնալի: Ծավալուն ելույթում ԱԺ նախագահը շեշտել է, որ  Հայաստանի ու Արցախի խաղաղասեր ժողովուրդը ստիպված էր պայքարել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ:  Օրենսդրի ղեկավարը հիշեցրել է, որ դա ոչ միայն վայրագ հարձակում էր Արցախի եւ արցախահայության հիմնարար իրավունքների, նրանց կյանքի եւ  ֆիզիկական անվտանգության դեմ, այլեւ   բռնատիրությունների կողմից հարձակում էր՝ ընդդեմ ժողովրդավարության ուղին բռնած  Հայաստանի ու Արցախի:  Այդուհանդերձ, դժվարին կորուստներն ու հետեւանքները  չկոտրեցին մեր ժողովրդի ոգին. նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից մեկ տարի անց հայ ժողովուրդը լիահույս է, որ բարեկամների օգնությամբ կհաղթահարի  մարտահրավերը: Դիմելով առաջադեմ մարդկությանը՝  Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ  այսօր էլ Ադրբեջանի կողմից շարունակաբար տեղի են ունենում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ եւ պատերազմական հանցագործություններ:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» ընդունած բանաձեւի եւ դրա նշանակության համար՝ որպես արցախահայության անվտանգության կարեւոր երաշխիք՝ բանակցային գործընթացի ամրապնդման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել 2021թ. ապրիլին 23-25-ին Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ վերոնշյալ բանաձեւի ընդունմանը սատարած հինգ քաղաքական խմբերի ղեկավարների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:

«Նախագահ Լարշեի եւ նրա պատվիրակության՝ Երեւանում  հնչեցրած ազդեցիկ ուղերձներով, Ֆրանսիայի Սենատը եւս մեկ անգամ իր սկզբունքային հավատարմությունը հաստատեց համամարդկային արժեքներին եւ իր անվերապահ համերաշխությունը՝ Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահն արժեւորել է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Խոսելով Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններից՝ Ալեն Սիմոնյանն  առանձնակի կարեւորել է Սենատի եւ  Ազգային ժողովի միջեւ ստորագրված  համագործակցության համաձայնագիրը,  որը, ըստ ԱԺ նախագահի, նոր լիցք կհաղորդի օրենսդիր մարմինների միջեւ առկա համագործակցությանը: