Տպել
15.12.2021
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի դեսպանին
1 / 5

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ինչպես նաեւ դեսպանորդ Փեեթեր Փալսը:

Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, որոնց ընդլայնման առումով կարեւոր են միջխորհրդարանական հարաբերությունները, մասնավորապես խորհրդարանական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը:

Որպես Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` Անուշ Բեղլոյանը կարեւորել է օրենսդիրների միջեւ շփումների ակտիվացման եւ առաջիկայում աշխատանքային օրակարգի ձեւավորման հարցերը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, տարածաշրջանում առկա մարտահրավերները: Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին եւ եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին:

Հայ խորհրդարանականները նշել են, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է Էստոնիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի` ռազմագերիների վերադարձի հարցում հստակ դիրքորոշումը:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից`  Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը կարեւորել է Էստոնիայի աջակցությունը` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ եւ լիարժեք կիրարկման հարցում:

Դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի խորացման, փոխայցերի ակտիվացման, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են անվտանգային հարցերի կարեւորությանը եւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցերին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, մասնավորապես համագործակցությունը եւ գալիք աշխատանքները մի շարք կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում:


15.12.2021
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: ...

15.12.2021
ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով
Ազգային ժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է մինչեւ 16:00-ը, որից հետո եւս քվորում չի ապահովվել: ...