Տպել
17.12.2021
ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի եւ Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահների համատեղ հայտարարությունը՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
1 / 1

2021 թվականի դեկտեմբերի 17-ին լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Հայ-ռումինական բարեկամությունը խոր պատմական արմատներ ունի, եւ պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից է, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ 1991 թվ. դեկտեմբերի 17-ին: Ավելին, խորհրդարանական մակարդակով համագործակցությունը մեր պետությունների միջեւ սկսվել էր ավելի վաղ, երբ Ռումինիայի խորհրդարանի դիտորդները ներկա էին Հայաստանի անկախության 1991 թվ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին:

Հենց սկզբից մեր համագործակցության կարեւոր ոլորտներից մեկը եղել է խորհրդարանական հարթությունը: Երեք տասնամյակների ընթացքում Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական բարեկամության խմբերը խորացրել եւ ընդլայնել են երկկողմ հարաբերությունները՝ ստեղծելով ամուր գործընկերություն եւ սերտ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են միջխորհրդարանական կապերը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, սպորտը եւ այլն:

Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որը 2018 թվ. վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվրոպական տարբեր հարթակներում համագործակցությունը հայ-ռումինական խորհրդարանական գործընկերության հիմնական տարրերից է:

Մենք վերահաստատում ենք 2021 թվ. ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարբերական լսումների կարեւորությունը եւ բարձր ենք գնահատում ռումինացի խորհրդարանականների հայտարարությունները Ռումինիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության մասին:

Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում եւ հավատարիմ ենք մեր պարտավորություններին` կատարելու եվրոպական հեղինակավոր կառույցների որոշումները՝ համապարփակ միջազգային աշխարհակարգի եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով, խթանելով կայուն զարգացումը եւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Եվրոպայում ու եվրոպական հարեւանության երկրներում:

Մենք նաեւ հավատարիմ ենք մեր երկրների կառուցողական եւ ներառական երկխոսությանն ու կշարունակենք աշխատել միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ՝ շոշափելի օգուտ բերելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մակարդակով; Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը ներկա գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, այդ թվում պայքարելու ենք կլիմայի փոփոխության եւ COVID-19 համաճարակի դեմ, ինչպես նաեւ աջակցելու ենք միջազգային խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման խնդիրների լուծմանը:

Անուշ Բեղլոյան
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար

Անդրեի Դանիել Գեորգե 
Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ


17.12.2021
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի եւ Գեղամ Մանուկյանի մամուլի ասուլիսը: ...

17.12.2021
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրվի Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը
Դեկտեմբերի 17-ին Թագուհի Թովմասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: Քննարկման առանցքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածության հարցն էր: Առաջադրված ...

17.12.2021
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...