Տպել
17.03.2022
Ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում եւ ի՞նչ կանխատեսումներ կան. քննարկում ԱԺ-ում
1 / 6

Հայաստանում փետրվար ամսին հավի ձուն էժանացել էր. կարելի էր անգամ 35 դրամով ձու գնել:  Դրա հետեւանքով ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ էին կանգնել. վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով:

Խնդիրը հասկանալու ու լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով՝ մարտի 17-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիրից, ՏՄՊՊՀ-ից ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնիջեցման հետեւանքով հավկիթ արտադրող ընկերություններից մեկը հայտնվել է  փակման եզրին: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ նախորդ տարի Զատկի տոնի նախօրեին առկա էր ձվի պակասորդ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել շուկայում առկա ցածր գնի հավկիթների վերաբերյալ ու կատարել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում արձանագրել է, որ գնիջեցման հեղինակը շուկա մուտք գործող նոր տնտեսվարող է՝ «Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը, որը չունի գերիշխող դիրք, ուստի նաեւ չի կարող չարաշահել իր իրավունքները:

Հայկ Կարապետյանի գնահատմամբ՝ ցածր գնային առաջարկով կատարվել է աշխարհում ընդունված մարքեթինգային քայլ: «Գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, որովհետեւ չեն կարող միակողմանիորեն ազդել շուկայի վրա հետեւաբար՝ վարույթ չենք հարուցել»,- նշել է նա:

«Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը վերահաստատել է, որ կատարվել է մարքեթինգային քայլ: Նրա պնդմամբ՝ իրենց ընկերությունն այս տարվա հունիսին հավակնում է դառնալ հավկիթների արտադրության գերիշխողներից մեկը, ուստի, այլեւս նման առաջարկներ չի կարողանա ներկայացնել:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ ձվի արհեստական գնիջեցումը բացասական է անդրադառնում խոշոր ընկերությունների վրա: Նրա գնահատմամբ՝ ոլորտն անկայուն է: Վահե Մարտիրոսյանն առաջարկել է խնդիրը կարգավորել պետական մակարդակով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանն ընդգծել է, որ հանձնաժողովը տնտեսվարողների գնային քաղաքականությանը չի միջամտում:

Տնտեսվարողները հստակ չեն կարողացել պատասխանել ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք Զատկին ընդառաջ ձուն չի թանկանա: Նշվել է, որ հնարավոր է առաջանա ձվի պակասորդ, որն էլ կհանգեցնի գնի բարձրացմանը:

Քննարկման մասնակից տնտեսվարողները բարձրաձայնել են նաեւ թռչնակերի ներկրման հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են  Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են կուտակումներ: Նրա խոսքով՝ ավելի քան 3000 մեքենա այս պահին այնտեղ է: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում շուկայում հնարավոր է առաջանան նաեւ թռչնամսի հետ կապված խնդիրներ:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր Իսահակյանի խոսքով՝ եղանակային պայմաններն արդեն ավելի բարենպաստ են, եւ խնդիրը կարգավորման փուլում է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ամփոփելով քննարկումը, տեղեկացրել է, որ խնդրի վերաբերյալ Կառավարությանը կներկայացնի առաջարկներ՝ փնտրելով լուծման տարբերակներ:


17.03.2022
Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կաջակցեն Արցախի ՏՏ ոլորտի զարգացմանն ու մասնագետների պատրաստմանը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները Սիսակ Գաբրիելյանի եւ Արամ Հարությունյանի նախագահությամբ մարտի 17-ին շարունակել են համատեղ նիստի աշխատանքը: Մասնակցել են նաեւ հայաստանյա...

17.03.2022
Տեղի կունենա աշխատանքային քննարկում ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 17-ին` ժամը 16:00-ին, ԱԺ 114 սենյակում տեղի կունենա աշխատանքային քննարկում` ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների եւ ոլորտ...