Տպել
16.02.2006
«Գիտակցել ստորագրության պատիվը»

                            

         Փետրվարի 16-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում նշվեց «Ազգ» օրաթերթի 15-ամյակը, որին մասնակցում  էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, խմբագիրներ, բարերարներ եւ այլք:

Բացման խոսքում «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ներկայացնելով «Ազգ»-ի ստեղծման պատմությունը, անցած եւ անցնելիք ուղին, հավաստիացրեց, որ հիմնադիրների ջանքերի շնորհիվ օրաթերթն այսօր ունի ընթերցողների ստվար զանգված: Պարոն Ավետիքյանը հպարտությամբ նշեց, որ «Ազգ» օրաթերթը ՀՀ անկախ պետականության տարեկիցն է:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց «Ազգ» օրաթերթի խմբագրակազմին` 15-ամյակի առթիվ` մաղթելով ստեղծագործական հաջողություններ, սեփական ստորագրության պատասխանատվության ու պարտքի  գիտակցում: Խորհրդարանի նախագահի կարծիքով` մեր պետականության ձեռքբերումներից է ազատ մամուլի գոյությունը: Պարոն Բաղդասարյանը մրցունակ եւ ժողովրդավարական պետություն ստեղծելու գործում կարեւորեց այլակարծության իրավունքը: «Ազգ»-ի առումով մենք գործ ունենք այլակարծության հետաքրքիր բովանդակության հետ»,-փաստեց Արթուր Բաղդասարյանը:

ԱԺ նախագահի կարգադրությամբ` Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցության, աշխատանքների լուսաբանման եւ «Ազգ» օրաթերթի 15-ամյակի կապակցությամբ ԱԺ նախագահի շնորհակալագրով եւ անվանական ժամացույցով պարգեւատրվեց «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՀՀ ԱԺ պատվոգրով` օրաթերթի անձնակազմը, իսկ ԱԺ նախագահի շնորհակալագրով եւ դրամական պարգեւով` խորհրդարանում հավատարմագրված լրագրողները:

«Ազգ» օրաթերթի15-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ էին հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, շնորհավորական եւ բարեմաղթանքի խոսքով հանդես եկան նաեւ  ուրիշները: