Տպել
11.04.2022
Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գեւորգ Պապոյան
1 / 7

«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից եւ էլեկտրոնային դրամապանակներից: Մեր նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով եւ էլեկտրոնային դրամապանակներից վճարումները»,-Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Օրենսդրական փոփոխությունների նպատակն է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը եւ խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելը:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանը նշել է, որ հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցողները, սկսել է օգտվել համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերից:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, 2019թ. այդ գումարն ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը հասել է 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը:

2018-2020թթ. ավելացել է նաեւ խաղացողների թիվը գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Կազմակերպիչների կողմից գեներացված գումարներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32 տոկոսը:

Օրենսդրական փաթեթի հեղինակների առաջարկությամբ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի դեպքում շահումի փոխանցումը, տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը եւ ելքագրումը, շահումների տրամադրումն իրականացվում են միայն  անկանխիկ եղանակով:

Գեւորգ Պապոյանի հավաստմամբ՝ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:

Անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշվել է նաեւ, որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով:

Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ Կառավարության եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական է: Գործադիրը ներկայացրել էր բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք քննարկման եւ քվեարկության արդյունքում ընդունվել են:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում շեշտադրել են խաղամոլության դեմ պայքարի անհրաժեշտությունը, ընդգծել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների նպատակային ջանքերն այդ ուղղությամբ: Նշվել է նաեւ, որ նախագծերի փաթեթը կանխարգելող գործիք է խաղամոլությամբ տառապողների նկատմամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նոր հարկման համակարգի ստեղծման ու ներդրման խնդիրներին: Առաջիկայում կսկսվեն այդ առնչությամբ քննարկումները:

Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը դրվել է քվեարկության եւ ստացել դրական եզրակացություն:


11.04.2022
Քննարկվել են «ՕքսԵՋեն» հիմնադրամի եւ ԱԺ մշտական հանձնաժողովի համագործակցության հնարավորությունները
Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ապրիլի 11-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանի եւ հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի եւ հանձնաժո...

11.04.2022
Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրված ֆինանսական համաձայնագրով հայկական կողմին տրամադրվելու է 116 միլիոն 400 հազար եվրո
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 4-ին` Բեռլինում: Ըստ համաձայնագրի` Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: «...

11.04.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց
Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստեր...

11.04.2022
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի «հատուկ քննչական ծառ...

11.04.2022
ԱԺ բյուջետային գրասենյակը 2021թ. ընթացքում ստացել է 104 հարցում
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը 2021թ. ընթացքում ստացել է 104 հարցում, որից 49-ը՝ պատգամավորական, 4-ը՝ խմբակցություններից եւ 48-ը՝ մշտական հանձնաժողովներից: Այս մասին հայտնել է գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն ապրիլի 11-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտակա...

11.04.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...