Տպել
28.04.2022
Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում «Եվրոպայում իրական ժողովրդավարության պաշտպանությունը եւ խթանումը» զեկույցի քննարկման ժամանակ:

«Պարո'ն նախագահող, քննարկվող փաստաթղթերում կա երկու հարց, որոնք ուզում եմ առանձնացնել:

Նախ` կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, որ, մեջբերում եմ, «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»: Ցավոք սրտի, սա այն ուղին է, որն անցած տարիներին ընտրել են մեր անդամ պետությունների մի շարք կառավարություններ:

Այս ուղին հաճախ հանգեցնում է մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության կոնսոլիդացման եւ, հետեւաբար, ուռճացված գործադիր իշխանության: Հետո դա առաջ է բերում խորհրդարանի դերի եւ քաղաքական ընդդիմության աշխատանքի սահմանափակում: Ակնհայտ են նաեւ լրատվամիջոցների հանդեպ հետագա սահմանափակումները եւ խոսքի ազատության նոր արգելքները, ինչպես նաեւ` միջամտությունը դատարանների աշխատանքին: Փաստորեն, մենք ականատես ենք լինում այսպես կոչված «լիբերալ դիկտատուրայի» ձեւավորմանը:

Մեզանից շատերին անհայտ պատճառներով Եվրոպայի խորհուրդը եւ շատ այլ կազմակերպություններ մինչ այժմ նախընտրել են անտեսել վերը նշված միտումները: Հուսով եմ` դա ավանդական ժողովրդավարական արժեքների եւ նոր գլոբալ քաղաքականության միջեւ փոխզիջման արդյունք չէ: Կարծում եմ` «իրական ժողովրդավարություն» ապրանքանիշը չի կարող շնորհվել որեւէ երկրի` ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկների կամ նախապատվությունների պատճառով: Ավելին, ինձ թվում է, որ մեծամասնության դիկտատուրայի ներկայացված բացասական դրսեւորումները մոնիտորինգի հատուկ առարկա պետք է դառնան կազմակերպության անդամ երկրներում:

Երկրորդ` հղում է կատարվում որոշակի «պատասխանատվությանն այլ անդամ պետությունների հանդեպ», որ պետք է ունենա իրական ժողովրդավարությունը` «արդարության եւ միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության» ընդհանուր նպատակին հասնելու համար: Ես համաձայն եմ սրա հետ, բայց կարծում եմ` «երկակի ստանդարտները» պետք է հանվեն:

Ակնհայտ է, որ նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ եւ նորագույն լուծումը: Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ինքնորոշման պատմականորեն ընդգծված ձգտումները շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ մայրցամաքում եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության եւ կայունության վրա, եթե չլինեն արդար եւ ազնիվ որոշումներ:

Հարգելի' գործընկերներ, մենք չպետք է ունենանք այնպիսի դեպքեր, երբ անդամ պետություններում ժողովրդավարության որակն անտեսվի աշխարհաքաղաքական ցանկացած վերափոխումների պատճառով: Կարծում եմ` այս կազմակերպության հիմնադիրների տեսակետն էր, որ անդամ պետությունների ներսում եւ նրանց միջեւ հակադեմոկրատական գործընթացներն օբյեկտիվ գնահատականի արժանանան Ստրասբուրգում»,- նշել է Արմեն Գեւորգյանը:
 


28.04.2022
Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Նա ելույթում մասնավորապես ասել է. «Շնորհակալություն, պարո'ն նախագահ, ցանկանում եմ...

28.04.2022
Իմ քաղաքական կուսակցության համար ժողովրդավարությունը եղել է եւ կլինի առանցքային արժեք. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել կառույցում հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո' նախագահող, հարգելի' գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում մենք քննարկում ենք, թե ինչպես պաշտպանել ժողովրդավարությունն այս դժվարին ժամանակներում, համաշխարհային համաճարակի օրերին: Հա...

28.04.2022
Պատերազմը ժողովրդավարության թշնամին է. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, ժողովրդավարությունն անսակարկելի արժեք է: Եւ պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի ստեղծման նպատակը եւ հիմքը եղել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահո...