Տպել
12.05.2022
Աշխատաժողով՝ ուղղված Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի կարողությունների ուժեղացմանը
1 / 12

«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում մայիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի համար կազմակերպվել էր աշխատաժողով՝ «Ներկայացուցչություն, խորհրդարանական դիվանագիտություն եւ հաղորդակցության գործիքներ, առավել թափանցիկ խորհրդարան՝ հանրության եւ երիտասարդության համար» խորագրով:

«Հունաստանի խորհրդարանի գրադարանը. իրազեկումից մինչեւ քաղաքացիների ներգրավվածություն՝ կայուն զարգացման նպատակների իրականացման նպատակով» թեմայով ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար Մարիա Կամիլակին:

Բանախոսը ներկայացրել է Հունաստանի խորհրդարանի գրադարանը, նրա կառուցվածքը, անդրադարձել պահվող գրքերին, ցուցանմուշներին եւ փաստաթղթերին: Մարիա Կամիլակիի խոսքով՝ այն ամենը, ինչը գաղտնի չէ, բաց է հանրության համար: Բացի պատգամավորներից եւ աշխատակազմից՝ գրադարանում առկա նյութերից եւ գրքերից կարող են օգտվել նաեւ քաղաքացիները, քանի որ Հունաստանի խորհրդարանը փորձում է կոտրել կարծրատիպերը եւ հասանելի լինել բոլորին՝ ի տարբերություն շատ այլ խորհրդարանների: Նշվել է, որ հունական խորհրդարանի գրադարանում պահվող ամենահին տպագիր գիրքը լույս է տեսել 1476 թ.:

Գրադարանը քաղաքացիների համար կազմակերպում է թեմատիկ շրջայցեր, նրանք կարող են մասնակցել նաեւ կազմակերպվող ցուցահանդեսներին, ծանոթանալ արվեստի գործերին, փաստաթղթերին, օրենսդրությանը եւ այլն: Հունաստանի խորհրդարանի գրադարանն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ թիրախավորելով սոցիալական տարբեր խմբերի: Կառույցում գործում են ընթերցանության խմբակներ, կազմակերպվում են սեմինարներ, վեբինարներ եւ այլն, ինչին մասնակցում են նաեւ հազարավոր դպրոցականներ եւ ուսանողներ: Մատուցվում են նաեւ առցանց ծառայություններ: «Այս ամենի նպատակը հանրության հետ կապերի ամրապնդումն է, ներառականությունն ու այն գիտակցության ամրապնդումը, որ խորհրդարանը հանրությանն է»,- ասել է Մարիա Կամիլակին: Գրադարանն ակտիվ է նաեւ սոցիալական հարթակներում, YouTube-ում:

Իտալիայի Պատգամավորների պալատի կրթական ծրագրերը հաջորդիվ ներկայացրել է Իտալիայի Պատգամավորների պալատի կրթական նախագծերի բաժնի պետ Ջանկառլո Ռոմանելոն:

Դոկտոր Վասիլիոս Սվոլոպուլոսը ներկայացրել է «Խորհրդարանական դիվանագիտությունը եվրոպական ծրագրերում» զեկույցը:

Գեորգիոս Անգելոպուլոսը, ով Հունաստանի խորհրդարանի էլեկտրոնային կառավարման, գրադարանի եւ հրատարակությունների գլխավոր տնօրենն է, հանդես է եկել «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ՝ խորհրդարանի թափանցիկ գործունեության համար. Հունաստանի օրինակը» զեկույցով: Աշխատաժողովի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայաստանի խորհրդարանում գործող գրադարանին, իրականացվող միջոցառումներին:

Մինչ աշխատաժողովի աշխատանքը սկսելը՝ Մարիա Կամիլակին եւ Գեորգիոս Անգելոպուլոսն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհել Սուրբ նահատակների հիշատակին, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հանդիպել թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների գրադարանների եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջեւ համագործակցության հեռանկարները:
 


12.05.2022
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ տնօրեն Ստեֆան Մալերիուսի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: Հանդիպման ընթացք...

12.05.2022
Քննարկվել են «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի հետազոտության արդյունքները
Մայիսի 12-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում «Point 33/Կետ 33» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում ՀԿ-ի կողմից իրականացրած հետազոտության ...